Թբիլիսին վրացական է համարում Ախթալայի և Օձունի վանքերը

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը, արխիվ

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը շարունակում է հարևան երկրների տարածքներում գտնվող վրացական մշակութային ժառանգությունը ուսումնասիրելու, գնահատելու աշխատանքները: Այդ նպատակով աշխատանքային այցով սեպտեմբերի 20-22-ը Հայաստանում կլինի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ այցելության ընթացքում ուսումնասիրվելու են Հայաստանի տարածքում գտնվող վրացական մշակութային ժառանգության հուշարձանները, «մասնավորապես՝ Ախթալայի և Օձունի վանական համալիրները»:

Նախատեսված է նաև հանդիպում Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկելու են երկու երկրների համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության և խնամքի հարցերը:

Վրաստանի պատվիրակության այցը համընկնում է Հայաստանի Անկախության օրվան, և հյուրերը մասնակցելու են նաև տոնական միջոցառումներին: