Ոսկան Երևանցու հրատարակած Աստվածաշնչի 350-ամյակը նշվում է երկօրյա միջազգային գիտաժողովով

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում սկսվեց երկօրյա միջազգային գիտաժողով ՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության  350-ամյա հոբելյանին:

Ոսկան վարդապետ Երևանցին 1666 թվականին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակեց հայերեն առաջին Աստվածաշունչը: Հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակը ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017-ի օրացույցի մեջ:

Գիտաժողովին զուգընթաց Մատենադարանում «Ոսկան Երևանցու կյանքը և տպագրական գործունեությունը» խորագրով շատ հետաքրքիր ցուցադրություն է բացվել, որտեղ ներկայացված են վարդապետի շնորհիվ տպագրված հայերեն առաջին գրքերը:

«Սա մի ծրագիր է, որը երեք բաղկացուցիչ ունի՝ միջազգային գիտաժողով, ցուցադրություն և մի ուսումնասիրություն-պատկերագրքի հրատարակություն, որը նույնպես մոտ օրերս կիրականացվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Ցուցադրության մեջ ընդգրկված գրականության մի զգալի հատվածը Մատենադարանի հավաքածուից է: Գրքեր են տրամադրել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայաստանի ազգային գրադարանը:

Վահան Տեր-Ղևոնդյանը ուշադրություն հրավիրեց հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրական որակի վրա․ - «Այդ բոլոր նկարազարդումները, որ կատարվել են ժամանակի խոշորագույն վարպետների կողմից՝ հոլանդացի, գերմանացի նկարիչների, նույնիսկ օգտագործվել են Դյուրերի որոշ փորագրություններ․․․»

Հայ ժողովրդի պատմության այս կամ այն ժամանակահատվածում չափազանց կարևոր հոգևոր-մշակութային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք շատ լուրջ դեր են խաղացել ազգապահպանության համար՝ օրինակ, քրիստոնեության որպես պետական կրոնի հռչակումը, գրերի գյուտը: Այս առումով ուշագրավ համեմատություն է կատարում Վահան Տեր-Ղևոնդյանը․ - «Այդ ժամանակվա կաթողիկոս Հակոբ Չորրորդ Ջուղայեցու և Ոսկան Երևանցու գործը իհարկե նույնը չէ, բայց կարելի է ինչ-որ տեղ համեմատել Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի գործի հետ, որովհետև նույնպես այստեղ տեսնում ենք Վեհափառ Հայրապետի և գործուն վարդապետի համագործակցության մի փայլուն արդյունք: Այն ժամանակվա համար դա իսկապես հերոսություն էր՝ հրատարակել մոտ 5000 օրինակ»:

Աստվածաշնչի ձեռագիր մատյաններից տպագրության համար Ոսկան վարդապետ Երևանցին նախընտրել է 1295 թվականին Կիլիկիայում Ստեփանոս գրչի Աստվածաշունչը, որը հրաշալի պահպանվել մինչև մեր օրերը և նույնպես ներկայացված է այսօրվա ցուցադրության մեջ:

«Սա Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթուն Երկրորդի պատվիրած Աստվածաշունչն է», - հավելեց Մատենադարանի տնօրենը:

Ներկայացված ցուցադրության մեջ շատ ուշագրավ է նաև այն Աստվաշածունչը, որը Ոսկան Երևանցին հատուկ առանձին հրատարակել է Ֆրանսիայի այն ժամանակվա թագավոր Լյուդովիլոս 14-րդի համար, և այդ Աստվածաշնչի առաջին էջում Ոսկան Երևանցու լատիներեն ընծայագիրն է թագավորին:

«Ինչո՞վ է հետաքրքիր: Ոչ թե ինքը եղած օրինակներից մեկը վերցրել է, ինչ-որ թուղթ է փակցրել կամ ձեռքով վրայից գրել է, այլ հենց այդ մի օրինակը հենց այդպես էլ տպել է: Բազմահազար տպաքանակով գրքի մի օրինակը առանձին տպել է, որպեսզի նվերի նշանակությունը բարձրացնի», - ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը: