Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ դաշնային քննիչները դատարանի գաղտնի կարգադրությամբ գաղտնալսել են Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին և մտադիր են նրան մեղադրանք ներկայացնել:
Դեռ այս տարվա հուլիսին Վիրջինիայում խուզարկություն կատարելով Մանաֆորթի տանը՝ գործակալները նրան տեղեկացրել են, որ մեղադրանք են ներկայացնելու: Այս տեղեկությունը փոխանցում է The New York Times-ը: Օրաթերթը վկայակոչում է գործին մոտ կանգնած երկու անանուն պաշտոնյաների: CNN-ը ևս, հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդում է, որ գործակալները դատարանի գաղտնի հրահանգով գաղտնալսել են Մանաֆորթին թե՛ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ, թե՛ հետընտրական շրջանում:
Դատարանը արտաքին հետախուզության հսկողության հրամանագրով է հետաքննությունների դաշնային գործակալության քննիչներին փոխանցել Մանաֆորթի ակտիվությանը հետևելու գաղտնի կարգադրությունը:
Փոլ Մանաֆորթը Դոնալդ Թրամփի այն մի քանի մերձավոր խորհրդականներից է, որոնց գործերը քննում է ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հանգամանքները բացահայտող՝ արդարադատության նախարարության հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերը:
Փոլ Մանաֆորթը 2016 թվականի հունիսին է ստանձնել Թրամփի նախընտրական թիմի ղեկավարումը, սակայն ընդամենը երկու ամիս անց հրաժարական է ներկայացրել, քանի որ ի հայտ են եկել տեղեկություններ, որոնց համաձայն, նա գործնական կապեր է ունեցել Ուկրաինայի գահընկեց արված պուտինամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների» կուսակցության հետ:
Մանաֆորթը դեռ 2014 թվականին է հայտնվել հետաքննությունների դաշնային գործակալության ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ քննիչներին հետաքրքրել է Վաշինգտոնում տեղակայված մի շարք խորհրդատվական ընկերությունների համագործակցությունը «Ռեգիոնների» հետ:
Գաղտնալսման երկրորդ կարգադրությունն արձակվել է արդեն նախագահական ընտրություններից հետո: Քննիչները չեն բացառում, որ Փոլ Մանաֆորթը նախընտրական ժամանակաշրջանում Թրամփին աջակցելու նպատակով ռուսներից օգնություն է խնդրել: CNN-ի փոխանցմամբ, անանուն աղբյուրները նշել են, որ այդ տեղեկությունները դեռ չի կարելի հաստատված համարել: Հատուկ խորհրդական Մյուլերն արդեն ստացել է գաղտնալսման նյութերը:
Նախկինում ամերիկյան մամուլը հաղորդել է Մանաֆորթի և Օլեգ Դերիպասկայի կապերի մասին: Դերիպասկան «Ռուսալ» ընկերության նախագահն է, Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից է և սերտ կապեր ունի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: The Wall Street Journal-ի փոխանցմամբ, Մանաֆորթը 2004-15 թվականներին համագործակցել է ռուսների հետ: Դա իրականացվել է քաղաքական խորհրրդատվական ծառայություններ մատուցող Davis Manafort Partners ընկերության միջոցով: Ընկերության նպատակն էր՝ պաշտպանել Ռուսաստանի քաղաքական շահերը Ուկրաինայում, Վրաստանում և Չերնոգորիայում:
Փոլ Մանաֆորթը և նրա փաստաբաններն առայժմ որևէ մեկնաբանություն չեն հրապարակել The New York Times-ի և CNN-ի երեկվա ռեպորտաժների վերաբերյալ: Ինքը՝ նախագահ Թրամփը բազմիցս է հերքել իր նախընտրական թիմի և ռուսների կապի մասին տեղեկությունները: Թրամփը դրանք անվանել է հերյուրանք, որը շրջանառության մեջ է նետում պարտված կողմը: Իսկ ահա հուլիսին Մանաֆորթի տանը Հետաքննությունների դաշնային գործակալության անցկացրած խուզարկության թեման Թրամփը մեկնաբանել է օգոստոսի 11-ին:
«Արդյոք նպատակահարմա՞ր էր նման բան անել վաղ առավոտյան, դա պետք է հարցնեք գործակալներին: Ես միշտ Փոլ Մանաֆորթին համարել եմ արժանապատիվ մարդ: Գուցեև նա՝ ինչպես և շատ ուրիշներ, վարձատրվել է իր խորհրդատվության համար, ո՞վ գիտի, ես չգիտեմ: Սակայն բոլոր դեպքերում նրան այդպես արթնացնելը շատ դաժան է, գուցե ընտանիքն էլ էր տանը, կարծում եմ, դա շատ դաժան է»,- ասել է Թրամփը: