Կարո Փայլան․ Հայաստանի հետ սահմանները կարող է բացել միայն ժողովրդավար Թուրքիան

«Հայաստանի հետ սահմանները կարող է բացել միայն ժողովրդավար Թուրքիան», - Հայաստան-Սփյուռք համաժողովում ունեցած ելույթում այսօր հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) Կարո Փայլանը․ - «Եթե Թուրքիան ժողովրդավար չլինի, կարող ենք տասնամյակներ սպասել: Իրավունք ունե՞նք նոր սերնդին փոխանցելու այս հարցը: Կարծում եմ, ոչ, իրավունք չունենք»:

Ոչ-ժողովրդավար Թուրքիան, ըստ նրա, չի կարող նաև առերեսվել իր պատմությանը: Փայլանը նշեց, որ իր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ - «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը գիտի, որ առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, Թուրքիան ո՛չ քրդական հարցը կարող է լուծել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատել»:

Նա նշեց, որ ոչ վաղ անցյալում դեռ Թուրքիայում հնարավոր էր բաց խոսել, քննարկել: Փայլանի ձևակերպմամբ՝ դա յուրատեսակ մի գարուն էր Թուրքիայում, սակայն այժմ խորհրդարանում արգելվել է արտաբերել ցեղասպանություն, Քուրդիստան ու այլ բառեր, և դարձյալ վրա է հասել ձմեռը․ - ««Դժբախտաբար չկարողացանք հասնել այդ գարնան շարունակությանը, և Թուրքիան այժմ դարձյալ մութ շրջանի մեջ է: Ինչպես 102 տարի առաջ Արևմուտքը իր աչքերը գոցել էր, հիմա էլ աչքերը գոցել է մարդու իրավունքների խախտումների առջև, քանի որ Էրդողանը հատկապես օգտագործում է փախստականների հարցը»:

Այնուամենայնիվ Փայլանը, ով անցած տարի Թուրքիայի խորհրդարանում պահանջել էր հետաքննել1915 թվականին հայազգի պատգամավորների սպանության պատճառները, հավատում է, որ կգա մի օր, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի․ - «102 տարի առաջ մեծ ոճիր կատարվեց՝ Ցեղասպանություն, և այդ ոճիրը դեռ չշարունակվի, որովհետև յուրաքանչյուր ոճիր, երբ անպատիժ է մնում, նոր ոճիրների պատճառ է դառնում: Բոլոր այս խնդիրներով հանդերձ, ժողովուրդների միասնաբար ապրելու և հավասարության երազս կշարունակվի: Հավատում եմ, որ մի օր կունենանք այդ արդարությունը, որի կբերի Ցեղասպանության ճանաչումը, և պիտի շարունակեմ պայքարել դրա համար»:

Կարո Փայլանին այսօր հյուրընկալեցին Երևանի պետական համալսարանում․ ուսանողները եկել էին հարցեր տալու և լուսանկարվելու Թուրքիայի հայազգի պատգամավորի հետ:

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մի օր եռագույնը ծածանվի Արարատի գագաթին, Փայլանը պատասխանեց․ - «Իմ երազն այն է, որ նոր ճանապարհ գտնենք, որ սահմանները կարևոր չլինեն: Որովհետև անշուշտ Հայաստանի ուժեղ լինելը կարևոր է, բայց եթե աջդ, ձախդ թշնամիներ ունենաս, հանգիստ չես կարող լինել»:

Ղարաբաղյան հակամարտությանը, ըստ Փայլանի, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը վերաբերվում է ինչպես այլ վայրերում ազգերի ինքնորոշման իրավունքին:

Նրա խոսքով՝ թեև այժմ Թուրքիայում խորանում է «ժողովրդավարական ձմեռը», սակայն ինքը չի պատրաստվում նահանջել և պայքարելու է Թուրքիան ավելի ժողովրդավար դարձնելու համար․ - «Եթե հետ քաշվես, ավելի վրադ կգա: Եթե իրավունք ունես և խոսես, նրանք հետ կքաշվեն: Մենք իրավունք ունենք, և երբ որ իրավունք ունես, պետք է խոսես և ձայնդ բարձրացնես»: