Միջազգային ճնշումը իրաքցի քրդերի հանդեպ չի դադարում

Իրաք - Քրդերի հանրահավաք Էրբիլում՝ ի պաշտպանություն անկախության հանրաքվեի, 16-ը սեպտեմբերի, 2017թ․

Իրաքի Քրդական ինքնավարության իշխանությունները սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն կհետաձգեն միայն մի դեպքում` եթե պաշտոնական Բաղդադը հստակ երաշխիքներ տա, որ պատրաստ է անկախության թեման քննարկել ապագա բանակցությունների ընթացքում:

Երկուշաբթի երեկոյան Քրդական ինքնավարության վարչական կենտրոն Էրբիլում՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հետ բանակցությունների ժամանակ, այս մասին հայտարարեց իրաքցի քրդերի ղեկավար և հանրաքվեի գլխավոր նախաձեռնող Մասուդ Բարզանին: Իրաքյան Քուրդիստանի ղեկավարի խոսքով՝ հանրաքվեի անցկացման գլխավոր պատճառներից մեկը վերջին շրջանում կենտրոնական իշխանությունների որդեգրած քաղաքականությունն էր:

«Մենք բազմիցս զգուշացրել էինք Բաղդադի իշխանություններին, որ Սահմանադրության դրույթների և գործընկերության սկզբունքների շարունակական ոտնահարումները ի վերջո հանգեցնելու են հանրաքվեի անցկացմանը», - դիմելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին՝ հայտարարում էր Բարզանին, հավելելով․ - «Եթե մենք ի վիճակի չենք Իրաքի հետ լավ գործընկերներ լինել, գուցե պարզապես լավ հարևաննե՞ր դառնանք»:

Բրիտանացի նախարարը, սակայն, Բարզանիի այս մոտեցմանը կտրականապես դեմ էր:

«Մեր ուղերձը նախագահ Բարզանիին հետևյալն է` հանրաքվեի անցկացումը սխալ է և կարող է շեղել ուշադրությունը կենսական այնպիսի մի խնդրից, ինչպիսին է «Իսլամական պետության» դեմ վերջնական հաղթանակը: Մենք չենք ցանկանում, որ այս հանրաքվեն տեղի ունենա, նաև այն պատճառով, որ հավատարիմ ենք Իրաքի տարածքային ամբողջականության գաղափարին և վստահ ենք, որ այդ հանրաքվեն չի բխում բոլոր իրաքցիների շահերից», - հայտարարում էր Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը:

Քրդական հանրաքվեի հանդեպ առավել կտրուկ մոտեցում է որդեգրել պաշտոնական Անկարան: Թուրքական իշխանությունները, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ իրենց սահմանների անմիջական հարևանությամբ քրդական պետության ստեղծումը «ազգային անվտանգության խնդիր է», դիմում են առավել կտրուկ քայլերի: Երեկ իրաքյան Քուրդիստանի հետ սահմանի երկայնքով թուրքական զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ սկսեցին:

Երկուշաբթի կեսօրին արդեն մոտ 100 միավոր թուրքական զրահատեխնիկա էր կուտակվել սահմանային գլխավոր անցակետերից մեկի` Հաբուրի հարևանությամբ: Ուշագրավ է, որ թուրքական ստորաբաժանումները պարզապես դիրքավորվում էին` որևէ վարժանք կամ ուսումնական տեղաշարժ չիրականացնելով:

Այդ նույն ժամերին, երբ թուրքական տանկերը մոտենում էին իրաքյան Քուրդիստանի սահմանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմը ժամանեց երկրի արևելքում գտնվող Շանլիուրֆա քաղաք` անթաքույց սպառնալիքներ հնչեցնելով քրդերի հասցեին:

«Այն բոլոր մարդիկ, ովքեր այսօր Սիրիայում և Իրաքում հույսեր են փայփայում, այն մարդիկ, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում արհեստական պետություններ ստեղծել, պետք է հստակ իմանան, որ Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք՝ լինի դա երկրի ներսից թե արտերկրից, անհրաժեշտ պատասխան է ստանալու: Բոլորը պետք է դա իմանան», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:

Յըլդըրըմը նաև ակնարկում էր, որ թուրքական կողմի հակազդեցությունը կարող է շատ կոշտ լինել: «Որևէ մեկը չպետք է փորձի մեզ փաստի առաջ կանգնեցնել: Թուրքիան այս առումով շատ հստակ դիրքորոշում ունի, բոլոր զգուշացումները հնչեցված են, և եթե դրանք հաշվի չառնվեն, մենք առանց տատանումների համապատասխան քայլեր կիրականացնենք», - հայտարարում էր թուրքական կառավարության ղեկավարը:

Իրաքյան Քուրդիստանի հանդեպ այս ճնշման ֆոնին ուշագրավ են Մոսկվայից ստացվող ազդակները: Քանի դեռ միջազգային հանրությունը միահամուռ կերպով հայտարարում է քրդական անկախության հանրաքվեի անթույլատրելիության մասին, Ռուսաստանի խոշորագույն ընկերությունը` «Ռոսնեֆտ»-ը, հայտարարում է իրաքյան Քուրդիստանում նոր ներդրումներ իրականացնելու պատրաստակամության մասին:

«Իրաքի քրդական ինքնավարության կառավարությունը և «Ռոսնեֆտ»-ը մտադիր են հետագայում ևս ամրապնդել և զարգացնել համագործակցությունը` ընդլայնելով ընկերության ներկայությունը տարածաշրջանում», - նշված է «Ռոսնեֆտ»-ի տարածած հայտարարության մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր զինակիցներից մեկի` Իգոր Սեչինի կողմից ղեկավարվող այս կառույցը պատրաստվում է մասնակցել իրաքյան Քուրդիստանի տարածքում գազատարների շինարարությանը, ինչը, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա այստեղ արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:

«Գազատարների շինարարությունն իրականացվելու է արագացված ռեժիմով: 2019 թվականին կմեկնարկեն գազի մատակարարումները ներքին սպառողներին, իսկ 2020-ին արդեն` գազի արտահանումը», - նշված է «Ռոսնեֆտ»-ի հայտարարության մեջ: