ԱՄՆ կոնգրեսականները հանդիպել են Հայաստանի խորհրդարանականների հետ

Ամերիկյան պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպման ժամանակ, Երևան, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ այսօր ընդունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը: Նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը:

Ազգային ժողովի նախագահը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, Լեռնային Ղարաբաղ այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը:

Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը, ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Նրանք Ամերիկայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում մեծապես կարևորել են հայ համայնքի ներդրումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ կոնգրեսականները նշել են, որ ԱՄՆ-ը հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է. խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները իրենց տեսակետներն են հայտնել հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ:

Ամերիկյան պատվիրակությունում ընդգրկված են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դեյվիդ Վալըդեյոն, Ջեքի Սփայերը և Ֆրենկ Փալոնը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները:

Դեյվիդ Վալըդեյոն, հիշեցնենք, երեկ այցելել էր Լեռնային Ղարաբաղ: