«Սասնա ծռերի» գործով անազատության մեջ գտնվող Եղնուկյանի կինը, դուստրերը, որդին և նրանց աջակիցները թռուցիկներ են բաժանել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին՝ դիմավորելով նրանց հյուրանոցի մոտ։
Նրանք Կարո Եղնուկյանի և Ժիրայր Սեֆիլյանի նկարներով թռուցիկների միջոցով փորձել են համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել Հայաստանում իրենց ձևակերպմամբ քաղբանտարկյալների առկայության վրա։
Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանն «Ազատության» հետ զրույցում նշեց․ - «Եկավ ոստիկաններից մեկը, ասաց՝ ամոթ ա էստեղ կանգնելը: Ասացի՝ ի՞նչն ա ամոթ․․․ Քաղբանտարկյալներ մի երկրում ունենալը ամոթ չի, իսկ իրենց գոյության մասին բարձրաձայնելը ու իրազեկելը ամո՞թ ա համարվում»:
Երեք ժամ ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո բերման ենթարկվածներին տեղեկացրել են, որ իրենց բոլորովին այլ կասկածանքով են տեղափոխել ոստիկանության բաժին։
Պատմում է Կարո Եղնուկյանի դուստրը՝ Հռիփսիմե Եղնուկյանը․ - «Բերման ենթարկելիս ասացին, որ այս հավաքը իրականացնելու իրավունք չունենք: Հետո, երբ մենք հասանք, մենք հասկացանք, որ մեզ մեղադրում են, որ ինչ-որ ահազանգ է ստացվել, որ ռումբ ինչ-որ պիտի տեղադրենք հրապարակում: Մայրս և մենք իբր պետք է այդ գործողությունն իրականացնեինք»:
Էլոն Եղնուկյանի խոսքով, իրեն բերման է ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկան, որը հրաժարվել է ներկայանալ և վկայական ցույց տալ․ - «Թևեևիցս քաշեց, ասեց՝ արի, գնում ենք «Գազել»: Ասում եմ՝ բայց Դուք ո՞վ եք, որ ես պետք է Ձեր հետ գամ: Ասաց՝ ոստիկանության աշխատակից եմ: Ասացի՝ կներկայանա՞ք: Ինքը, բնականաբար, չներկայացավ: Այդպես հրելով, երկրորդ ոստիկանն էլ մոտեցավ, ուղեկցեցին ինձ դեպի մեքենան»:
Հանրապետության հրապարակի ակցիային զուգահեռ, քաղաքացիներ էին տարվել ոստիկանություն նաև մարզահամերգային համալիրի մոտից, որտեղ նույնաբովանդակ ակցիա էին իրականացնում։
Հայաստան-Սփյուռք համաժողովը, հիշեցնենք, անցկացվում է մարզահարգային համալիրում:
Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ ակցիայի բոլոր 11 մասնակիցներն ազատ են արձակվել, բաժին տանելու պատճառը պայթուցիկի մասին ահազանգն է եղել: Ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել հարցին, թե արդյոք զննությամբ պայթուցիկ հայտնաբերվել է:
Ոստիկանություն այցելած «Ելք»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում կատարվածը․ - «Դատապարտում եմ նման գործողությունը: Այսինքն, հիմա ցանկացածիս էլ կարող են բերման ենթարկել՝ կասկածանքով, որ մեր գրպանում, ասենք, ատոմային ռումբ կա: Ես կարծում եմ, որ պարզապես խնդիր են լուծում, որ էս երեք ժամը էս մարդիկ էստեղ լինեն, և ոչ թե Հանրապետության հրապարակում»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, վերջին տարիներին ոստիկանությունը զբաղված է ոչ թե հանցավորության դեմ պայքարելով, այլ քաղաքական գործընթացներին միջամտելով․ - «Ե՛վ Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներին բերման ենթարկելը, և՛ նրա համակիրներին բերման ենթարկելը կարելի է որակել միայն որպես սադրանք: Սադրանք՝ քաղաքական գործընթացները խափանելու նպատակով: Սա արված էր այն նպատակով, որպեսզի թռուցիկները չհասնեն համաժողովի կազմակերպիչներին, և որպեսզի համաժողովի կազմակերպիչները չտեսնեն այն իրականությունը, որը որ կա մեր երկրում»:
Հիշեցնեմ, ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանը մեղսագրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը, և նրա գործը քննվում է անցած տարի ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի» գործի հետ միասին։