Արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին, Ստեփանակերտն ընդգծում է՝ վերադարձ նախկին սահմաններին անհնար է:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց․ «Վերադարձ անցյալին չկա: Թե՛ սահմանների առումով, թե՛ կարգավիճակի: Ամենակարևոր, առանցքային բաղադրամասն այստեղ անվտանգության խնդիրն է: Միշտ ասել ենք, որ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, ԼՂՀ 1991 թվականի սահմաններն ի վիճակի չեն ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը: Եթե անվտանգությունը թուլանա, նրանք անմիջապես հարձակվելու են մեզ վրա»:
Դավիթ Բաբայանը հավելեց՝ եթե Բաքվում ցանկանում են խոսել տարածքների մասին, ապա պետք է նախևառաջ խոսել ադրբեջանական «բռնազավթման ներքո գտնվող» տարածքների մասին: «Ընդհանրապես զիջում բառն ընդունելի չէ, եթե Ադրբեջանն ուզում է քննարկել․․․ այդ դեպքում սահմանները շատ լայն կատեգորիա են, այստեղ մտնում է Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը, Մարդակերտի, Մարտունու գրավված տարածքները և այլն: Սա այնքան մեծ հարց է, մոտ 25 հազար ք/կմ տարածքի մասին է խոսքը»,- ասաց Բաբայանը:
Երեկ Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշել է․ «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:
Հայաստանի արտգործնախարարը, միևնույն ժամանակ, ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման մյուս տարրերը, որոնք առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ստորև բերվում են արտգործնախարարի կողմից երեկ ներկայացված այդ տարրերը:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ազատ կամարտահայտության միջոցով ինքը պետք է որոշի իր ապագան, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշող այդ կամարտահայտության կազմակերպումը, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, որը պետք է ներառի այն ամենը ինչ ունի Լեռնային Ղարաբաղը, իսկ միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով պետք է ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը:
Լեռնային Ղարաբաղին տրամադրվելու են միջազգային անվտանգության բազմաշերտ երաշխիքներ, ինչը նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղապահ ուժեր և խաղաղապահ գործողություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ և անվտանգության երաշխիքներ տրամադրող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձև, այլև պետք է ճանաչվի, որ Հայաստանն ու Ղարաբաղի պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն են:
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային, օդային անվտանգ կապ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա օգտագործել իր զինանոցում առկա սպառազինությունը՝ հարցականի տալ դնելով այդ կապի անվտանգությունը: Եվ վերջապես, փախստականները պետք է վերադարձի իրավունք ունենան, սակայն կվերդառնան, թե ոչ՝ այլ հարց է:
Ներկայացնելով կարգավորման այս տարրերը՝ Էդվարդ Նալբանդյանը վերստին անդրադարձել է տարածքների վերադարձի հարցին: «Դուք մի կարծեք, որ մենք միամիտ ենք, դուք միամիտ չեք: Այսինքն՝ որ բանակցում ենք ինչ-որ մի բան, միամտորեն կարող ենք ինչ-որ մեկին հավատալ, ինչ-որ մի բան հանձնել հենց այնպես: Ես ասացի տարածքների վերադարձի մասին, խոսքն այն տարածքների մասին է, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»,- վերահաստատել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Այսօր «Ազատությունը» փորձեց փոոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից պարզաբանում ստանալ՝ այդ ո՞ր տարածքներն են, որոնց վերադարձն Ադրբեջանին վնաս չի հասցնի անվտանգության համակարգին: «Կարդացեք նախարարի ելույթը, այն տեղադրված է կայքում, խնդրում եմ՝ չաղավաղել»,- միայն պատասխանեց Քոչարյանը:
Պաշտպանության առաջին փոխնախարար, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն էլ այսօր հարցի առնչությամբ հետևյալն ասաց․ «Քննարկման ողջ տրամաբանությունը միայն բանակցային փոխզիջումային սկզբունքների շուրջ կարող է լինել: Այլ պարագայում տարածքներ հանձնելու մասին խոսելն ուղղակի տեղին չէ»:
Իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության խորհրդանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ ՀՅԴ դիրքորոշումը համընկնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մոտեցման հետ․ «Այո, զիջումների մասին խոսվում է, բայց պայմանով, որ վերականգնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև հայտնի է, որ 1028 ք/կմ այսօր ԼՂՀ տարածքից Ադրբեջանի օկուպացիայի տակ է: Եվ պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը: Դրա դիմաց հենց Ղարաբաղի ժողովուրդն է պատրաստ [զիջումների]»:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ընդգծում է՝ Ադրբեջանը ցանկանում է հետ ստանալ ողջ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի մի մասը: «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ և հարձակողական քաղաքականությունը, որևէ խոսք մեր կողմից չպետք է լինի որևէ թիզ տարածք զիջելու մասին»,- ասում է Գորգիսյանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այսօր կրկին բարձրաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը: «Ազատության» հարցմանն ի պատասխան ամերիկացի դիվանագետը կարևորել է հակամարտության արդարացի կարգավորումը:
«Միացյալ Նահանգները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել: Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Բայց ի վերջո խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»,- ասել է Շեֆերը: