ԱՄՆ-ը ավելի քան 3-հազարանոց հավելյալ զորք է ուղարկում Աֆղանստան

Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ

Միացյալ Նահանգներն ավելի քան 3-հազարանոց լրացուցիչ զորք է ուղարկում Աֆղանստան: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը՝ հավելելով, որ զորքը «ճանապարհին է»:

Նա նշել է, որ չի ցանկանում հստակ թվեր ասել, սակայն հայտնել է, որ Պենտագոնը Աֆղանստան է ուղարկել «ավելի քան 3 հազար» զինծառայողների, ովքեր աջակցելու են արդեն այնտեղ գտնվող շուրջ 11 հազար ամերիկացի զինվորականներին:

Անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Աֆղանստանի համար նոր ռազմավարության մասին, որը, նրա խոսքով, ուղղված է թալիբների դեմ, որոնք շարունակում են զինված հարձակումները, 16 տարի շարունակ պատերազմի մեջ գտնվող երկրում վերահսկում հսկայական տարածություններ և սպանում հազարավոր աֆղանստանցի ուժայինների և քաղաքացիական անձանց:

ԱՄՆ-ը նաև պնդում է, որպեսզի ՆԱՏՕ-ի դաշնակիցները նույնպես Աֆղանստանում մեծացնեն իրենց ռազմական ներկայությունը: