ՌԴ ՊՆ-ը հերքում է, թե «Զապադ 2017»-ի ժամանակ ուղղաթիռը կրակ է բացել հանդիսատեսի ուղղությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում է «Զապադ 2017» զորավարժություններին, Լենինգրադի մարզ, 18-ը սեպտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հաղորդումը, թե Սանկտ Պետերբուրգի մերձակայքում «Զապադ 2017» զորավարժությունների ընթացքում Կա-52 ռազմական ուղղաթիռը կրակ է արձակել հանդիսատեսի ուղղությամբ` ծանր վիրավորելով առնվազն երկու հոգու:

ՌԴ զինված ուժերի Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը պնդում է, որ երկուշաբթի օրը «որևէ միջադեպ՝ կապված ռազմական ավիացիայի հետ, չի եղել», ուղղաթիռներից հանդիսատեսի վրա կրակելու լուրը «սադրանք է կամ ինչ-որ մեկի հիմարությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 66.ru կայքը հաղորդել էր, թե ենթադրաբար նման միջադեպ է տեղի ունեցել «Լուժսկի» փորձադաշտում սեպտեմբերի 17-ին կամ 18-ին, պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Պաշտոնապես, սակայն, միջադեպի մասին չէր հաղորդվել:

Նույն աղբյուրը նշել էր նաև, որ նախօրեին այդ նույն փորձադաշտ էին այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը, հաստատելով Կա-52-ից հրթիռ արձակելու դեպքը, հավաստիացնում է, որ դա տեղի է ունեցել «այլ ժամանակ», և միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել:

«Զապադ 2017» ռուս-բելառուսական զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 14-ին՝ հրետանային հարյուրավոր միավորների, տասնյակ ռազմանավերի, ուղղաթիռների ներգրավմամբ: Զորավարժությունների սցենարի համաձայն՝ զորքը պետք է դիմադրություն ցույց տա արևմտյան երկրների բանակին:

ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե այդ զորավարժությունները վկայում են, որ Ռուսաստանը պատրաստվում է «մեծ պատերազմի»: