Էնդրյու Շեֆեր․ Արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա

Էնդրյու Շեֆեր, արխիվ

Միացյալ Նահանգները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել: Այս մասին «Ազատության» հարցերին ի պատասխան հայտարարել է Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը:

«Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները», - ընդգծել է Շեֆերը:

Բայց ի վերջո, ընդգծել է ամերիկացի դիվանագետը, «խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»:

«Ես սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Նյու Յորքում մյուս համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմ հանդիպումներին: Հուսով եմ՝ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցությունների անհապաղ վերսկսման համար», - հայտարարել է Էնդրյու Շեֆերը:

Շեֆերը, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ է նշանակվել օգոստոսի վերջին: