Սփյուռքահայերից ոմանք անիրագործելի են համարում «4 միլիոնանոց Հայաստան» ծրագիրը

«Մեր նպատակն է, որ Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Դա հետևաբար ենթադրում է գալիք 25 տարիներին դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում», - այսօր հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներին։

Իր ողջույնի խոսքով նախագահը փաստեց, որ ժողովրդագրական միտումները Հայաստանում խիստ մտահոգիչ են, հետևաբար ներգաղթի աճն ապահովելու համար պետք է միավորել ջանքերը՝ այդ խնդրի իրականացումը դարձնելով առաջիկա համաժողովների հիմնական թեման․ - «Մինչև հաջորդ համաժողով մենք կավարտենք բոլորիս անելիքների քարտեզագրումը, կբյուրեղացնենք ինչպես մեր միասնական քայլերի տրամաբանությունը, այնպես էլ սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը։ Հաջորդ Հայաստան-Սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ, և այս պայմանավորվածությունը մենք հաստատակամորեն իրականցնելու ենք»:

Նախագահ Սարգսյանի ելույթին հաջորդեց Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինի խոսքը։ Հայաստանն ամբողջական տեսնելու համար Վեհափառը «անհրաժեշտ և անհետաձգելի է» համարում արտագաղթի նվազեցումը՝ շեշտելով, որ եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը կշարունակվի նույն տեմպերով, իսկ աղքատությունը հիմք կդառնա ամեն տեսակի բարոյական չարիքների համար․ - «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել: Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից և այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը»:

2040 թվականին Հայաստանը 4 միլիոն բնակչություն ունենալու նախագահի տեսականը անիրագործելի են համարում համաժողովին ներկա մի շարք սփյուռքահայեր։ «Ազատության» հետ զրույցներում Սփյուռքի տարբեր գաղթօխջախներից ժամանած հյուրերն ասացին, որ հավակնոտ ծրագրերից առաջ նախ պետք է մտածել սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու մասին։

«Երեսուն հազար սիրիահայեր եկան, քանի՞ հոգի մնացին այստեղ․․․ Այսօր տակավին հարցեր կան Գյումրիում: 25 տարի է անցել երկրաշարժից․․․ այսօր մարդիկ կան, որ տուն չունեն: Այդ հարցերը թող լուծեն, հետո մեծ ծրագրերի մասին խոսեն», - ասաց Բրիտանիայի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Վազգեն Կասեմջյանը՝ շարունակելով․ - «Սա է իրականությունը: Անկեղծ պետք է լինենք: Եվ որ եկել եք այսօր վստահության, համագործակցության մասին եք խոսում․․․ Այդ վստահությունը գալիս է ոչ թե երազային, անտեսանելի իրականությունից, այլ պետք է շոշափելի իրականություն ունենանք: Պարզապես խոսքը եթե պիտի մնա խոսք, շատ է լինում: Արդեն 6-րդ համագումարն է, նույն բաները միշտ լսել ենք»:

«Ես ուտոպիայի չեմ հավատում: Ես հավատում եմ գործնական աշխատանքներին: Գոնե վերջին քսան տարիներին պետք է ասել, որ առաջխաղացում չկա», - ասաց Լոս Անջելեսի արհմիությունների ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը:

«Բոլորս էլ տեղյակ ենք, որ լուրջ բարեփոխումների, մենաշնորհների դեմ պայքարի հարց գոյություն ունի: Փտախտի դեմ պայքարը անհրաժեշտ է, և այդպիսի առաջարկներ արդեն հնչեցին նույնիսկ առաջին նիստի ընթացքում: Ուրեմն պետք է ավելի լրջանալ և լուրջ ծրագիր մշակել, որ տեսլականը դառնա իրականություն», - ասաց ՀՅԴ Կանադայի բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նախագահ Սարգսյանն այսօր խոսեց նաև Սփյուռքի ներդրումային ուժը Հայաստան ուղղելու մասին։ Աշխարհի 70 երկրից 1400 մասնակիցներին Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարությամբ զբաղվելու, շահույթ ստանալու, զուգահեռաբար երկիրը շենացնելու համար․ - «Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել»:

Համաժողովի մասնակիցներն «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ երկրի տնտեսության շատ ծանր վիճակի մասին անցած տարի՝ իր պաշտոնավորման երկրորդ օրը հայտարարել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Արդյո՞ք նրա կառավարման մեկ տարի աչքի է ընկել էական փոփոխություններով, և որքանո՞վ է Հայաստանը գրավիչ դարձել․ այս հարցերին գործարարները պատասխանում են, թե «վստահության պակաս կա» և «գեղեցիկ խոստումներին շատերը չեն հավատում»։

«Ես չեմ հավատում նախագահի ասած խոսքերի ճշմարտությանը: Կարեն Կարապետյանի համար ոչինչ չունեմ ասելու: Լավ գործեր արեց: Կարեն Կարապետյանը կարող է դառնալ իսկապես Հայաստանի ազնիվ ու հայանպաստ գործերով առաջնորդը՝ եթե իհարկե, Մոսկվայից նա չի եկել, որ բլիթներով լավամարդ դառնա, հետո էլ ասի, թե ժողովուրդ ջան, էսքան լավ բան արի ձեզ համար, դե վերջին խոսքս լսեք՝ եկեք մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, անկախության հերն էլ անիծած: Եթե էդ բանը նա անի, նա շատ ավելի վատն է, քան Սերժ Սարգսյանը», - ասաց Վազգեն Կասեմջյանը:

«Վստահ եղեք, որ սփյուռքում շատերը այսօր խուսախաբ են Հայաստանի վիճակից՝ արտագաղթից, տնտեսական ոչ բարելավումից», - ասաց հորդանանցի գործարար Սարգիս Սնջյանը:

«Դեռ Հայաստանը ապրվելիք տեղ չէ սփյուռքահայության համար: Օրենքը դեռ էդքան չի հաստատվել», - նշեց Շվեյցարիայից ժամանած գործարար Արտեն Շելեֆյանը:

Սփյուռքում գիտակցում են, որ 2018-ի գարունը վճռորոշ է լինելու Հայաստանի ապագայի համար։ Ի պատասխան հարցին, թե իրենց կարծիքով, ով պետք է լինի վարչապետի պաշտոնում, շատերն ասում էին՝ անձերը կարևոր չեն, էականը բարեփոխումների առկայությունն է ու նոր սահմանադրության դրույթների իրական կիրարկումն է:

Նախագահն այսօր իր ելույթն ավարտեց Հայաստանի իր տեսլականով՝ աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր։

Արդյոք այդ տեսլականը հենց ինքն է պատրաստվում կյանքի կոչել նախագահության ժամկետի ավարտից՝ 2018-ի ապրիլից հետո մնալով վարչապետի պաշտոնում․ լրագրողների հարցը Սարգսյանն այսօր անպատասխան թողեց։

Անարձագանք մնացին նաև նույն թեմայի շուրջ «Ազատության» հարցերը վարչապետ Կարեն Կարապետյանին: