Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի ձերբակալվելու` չնայած այն բանին, որ քաղաքացիությունից զրկված նախկին նահանգապետը ապօրինի մուտք է գործել երկրի տարածք:
«Սաակաշվիլին չի ձերբակալվելու դրա համար, Սաակաշվիլին նաև չի կարող արտահանձնվել այս երկրից, քանի դեռ նրա ձեռքին ժամանակավոր կացության թույլտվություն կա կամ այլ փաստաթուղթ, որը նա ներկայացրել է», - երեկ հայտարարել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ կա Վրաստանի նախկին նախագահի ձեռքին:
Ավելի վաղ Վրաստանը պահանջել էր արտահանձնել Միխեիլ Սաակաշվիլիին, ում դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացված:
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին հարյուրավոր համակիրների օգնությամբ սեպտեմբերի 10-ի երեկոյան հատելով Լեհաստան-Ուկրաինա սահմանը՝ մուտք է գործել Ուկրաինա և գտնվում է Լվով քաղաքում: Սաակաշվիլին ապօրինի է համարում իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը, և պնդում է, թե ամեն կերպ հասնելու է Կիև և դատարանով է այն վերականգնելու:
Ավելի վաղ` 2015 թվականին, նա զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, այն բանից հետո, երբ Ուկրաինայի քաղաքացիություն էր ընդունել, որպեսզի կարողանա ստանձնել Օդեսայի նահանգապետի պաշտոնը իր նախկին դաշնակցի` Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրավերով: