Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն այսօրվանից սկսում է իր 82-րդ թատերաշրջանը: Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ իրենք ավանդաբար յուրաքանչյուր թատերաշրջանի բացումը կատարում են Թումանյանի ստեղծագործություններից որևէ մեկի բեմադրությամբ:
Այս տարի առնվազն երեք պրեմիերա են ունեցել, ինչպես միշտ խաղացանկում թե՛ մանկական, թե՛ մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ են ընգրկված: Սեպտեմբերի վերջից էլ թատրոնը կմասնակցի երեք երկրներում՝ Ռուսաստանում, Եգիպտոսում և Կանադայում կայանալիք միջազգային փառատոներին:
Վերջին ամսվա ընթացքում տիկնիկային թատրոնի դահլիճում նորոգման աշխատանքներ են իրականացվել, փոխվել է աթոռների ծածկը, թարմացվել է հատակը: «Աթոռների ծածկն ավելի գեղեցիկ է՝ չորս տարբեր գույների, ըստ գների կլինի: Հետագայում նաև տոմսերը կլինեն տարբեր գույների, որ հանդիսատեսն ավելի հեշտ կողմնորոշվի»,- ասում է թատրոնի տնօրենը:
Նրա պատկերավորմամբ՝ փորձում են իրենց ձեռքը պահել ժամանակի զարկերակի վրա, առավել ևս «մեծերի ներկայացումների» պարագայում»: «Ինչպես մեծահասակների համար նախատեսված, այնպես էլ մանկական ներկայացումների դեպքում փորձում ենք կիրառել տիկնիկային արվեստի բոլոր ձևերը՝ ձեռնոցային, ձողիկավոր տիկնիկներ, խամաճիկներ, դիմակներ»,- ասում է Բաբայանը՝ թվարկելով միջազգային ասպարեզում իրենց ստեղծագործական խմբի արձանագրած հաջողությունները:
Բաբայանի խոսքով, թատրոնը պարբերաբար հանդես է գալիս նաև Հայաստանի մարզերում, Ղարաբաղում, նաև տարբեր զորամասերում: ինչ վերաբերում է հիմնախնդիրներին, ապա, թատրոնի տնօրենի խոսքով՝ դրանցից ամենաէականը «ֆինանսավորումն է»:
Ռուբեն Բաբայանի հետ զրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5