«Ինչո՞ւ պետք է ես «ինքնասպան լինեի» մորս ծննդյան օրը»․ ադրբեջանական բանտից ազատված Լապշինը գրառում է կատարել բլոգում

Ալեքսանդր Լապշինը հատուկ չվերթով Մինսկից Ժամանել է Բաքու, արխիվ

Օրերս Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած և բանտից ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը այսօր գրառում է կատարել բլոգում:

Նա անդրադարձել է իր ինքնասպանության փորձի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հայտարարությանը, պատմել բռնությունների մասին, որոնց ենթարկվել է բանտում:

«Այժմ, երբ ադրբեջանական դժոխքը անցյալում է, ես գրում եմ այս տողերը Հայֆայի լողափից և պետք է պարզաբանեմ հետևյալը․

Կտրականապես հերքում եմ ադրբեջանական պաշտոնական այն սուտը, թե ես փորձել եմ ինքնասպանություն գործել Բաքվի բանտում 10.09.17-ին: Նախագահ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարդասիրություն է ցուցաբերել և խղճացել խեղճուկրակ ինքնասպանին ու որոշել է ներում շնորհել ինքնասպանության առասպելական փորձից հետո:

Փաստերով՝ 2017թ-ի սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ արդեն պատրաստվում էի քնել Բաքվի համար 10 բանտախցում, հանկարծ դռան բանալու ձայնը լսվեց, և դուռը մի փոքր բացվեց: Ես դռանը մեջքով էի պառկած և չհասցրեցի անգամ վեր կենալ, երբ ինչ որ անձինք բռնեցին վզիցս, ձեռքերիցս և մի քանի հարվածներ հասցրեցին կողերիս: Ես այլևս ոչինչ չեմ հիշում: Հաջորդ հիշողությունն արդեն Բաքվի կենտրոնական վերակենդանացման կլինիկայից էր, որտեղ ես պառկած էի՝ միացված սարքավորումների, կաթիլայինի և թթվածնային դիմակով: Կոտրել էին նաև երկու ատամներս, իսկ ողջ ողջ մեջքիս ու կողերիս վրա հեմատոմաներ էին», - գրել է Ալեքսանդր Լապշինը՝ հավելելով․ - «Ինչո՞ւ պետք է ես «ինքնասպան լինեի» մորս ծննդյան օրը (10.09) իմ արտահաձնման բանակցությունների վերջին փուլում»:

Հիշեցնենք, սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում էր շնորհել Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Ավելի ուշ Բաքվի դատարանում Լապշինին առաջադրվել էր միայն երկրի սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանք: Հուլիսին դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: