ՔԿ․ «Վերնիսաժի» մոտ սպանությունը ծրագրված է եղել, զոհին դարանակալել էին

«Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանությունը` պարզվել ենթադրյալ հանցագործոթյուն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությունը կատարելու նպատակով օգտագործված ավտոմեքենայի ձեռք բերման աղբյուրը», - այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում:

«2017 թվականի սեպտեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն», - հիշեցնում է Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։ «Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ նշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ. Աբգարյանին և նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն և տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երևան քաղաքի Հանրապետության 48 հասցեում գործող հյուրանոցային համալիրում, 2017թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6.30-ից վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել: Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ. Աբգարյանի, Գ. Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ.Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ. Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք և զինամթերք) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն: