Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա աշխատանքը: Այդ մասին երեկ Հանրապետականի գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա վկայաբերեց վերջին տարում գրանցված տնտեսական դրական ցուցանիշները՝ չանդրադառնալով քննադատների պնդումներին, թե տնտեսական ցուցանիշների աճի արդյունքում մարդկանց կյանքի որակը չի փոխվել:
«Քննարկել ենք Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեության հաշվետվությունը, եղել է մանրակրկիտ հաշվետվություն, և կուսակցությունը դրական է գնահատում Կարապետյանի կաբինետի, Հանրապետական և Դաշնակցության կոալիցիոն կառավարության այս մեկամյա գործունեությունը: Հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում է՝ 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվություն կա, արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ կա, տուրիզմի աճ կա, և կարող ենք ասել, որ թե՛ ԵԱՏՄ շուկայում և թե՛ եվրոպական և իրանական շուկայում արտահանումը ավելացել է», - հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով․ - «Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով, և որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, այն ցուցանիշները, որոնք մենք ամրագրել ենք պետական բյուջեի նախագծում և արդեն պետական բյուջեով որպես ընդունել ենք Ազգային ժողովում, դրանք, անկասկած, կատարվելու են: Այսինքն՝ դինամիկան ցույց է տալիս, որ պետական բյուջեում նախատեսված կառավարության այդ ցուցանիշները իրականացվելու են»:
«Կարող եմ նաև ասել, որ շատ կարևոր է, որ քաղաքական մեծամասնության առաջարկված՝ պառլամենտական ընտրությունների ժամանակ, 830 միլիոն դոլարի շուրջ 45 տոկոսը արդեն իրականություն է: Կարող եմ ասել, որ այնտեղ հաշվված չի շատ դեպքերում մասնավոր այն ներդրումները, որոնք ուղղակի կառավարության գործառույթների հետ կապ չունեն: Այսինքն, եթե այդպես հաշվենք՝ նաև մասնավորինը, որոնք որ ուղղակի կապ չունեն կառավարության և իշխանության գործառույթների հետ, նրանք, բնականաբար, ավելի շատ կարող են լինել», - ասաց Հանրապետականի խոսնակը:
«Կարող եմ վստահաբար նշել, որ այն ցուցանիշները, որոնք որ ամրագրված են 2017 թվականի բյուջեով, դրանք վստահաբար իրականություն են դառնալու», - շեշտեց Շարմազանովը:
Ծառուկյանի հայտարարությունը «տրամաբանական է»
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիայի հնարավորության վերաբերյալ հարցին՝ իշխող կուսակցության խոսնակը ասաց․ - «Այո, ես տեղյակ եմ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հայտարարությունից, տրամաբանական հայտարարություն է, որովհետև քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, և քաղաքականությունը նախ և առաջ հնարավորինի արվեստ է: Մեր օրակարգում, կարծում եմ՝ նաև «Ծառուկյան» դաշինքի օրակարգում, կոալիցիա կազմելու հարց չկա: 18 թվականը կգա՝ եթե լինի նման քննարկում, հաստատ նիստից հետո ես ձեզ կտեղեկացնեմ»:
Հիշեցնենք, շաբաթասկզբին լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չէր բացառել իրենց կոալիցիան Հանրապետականի հետ: