Եվրոպական միությունը հետևում է Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նախաձեռնած գործընթացին: Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանն ազատ երկիր է, և բոլորն ունեն իրավունք՝ բարձրաձայնելու իրենց տեսակետները: Մենք հետևում ենք քննարկմանը, բայց դա լիովին հայաստանցիների որոշելիք խնդիրն է»,- ասաց դեսպանը: Արդյո՞ք ԵՏՄ-ից դուրս գալը նոր հորիզոններ կբացի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար, այս հարցին ի պատասխան, Սվիտալսկին միայն նշեց՝ հայաստանցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչն է լավ իրենց երկրի համար:
«Քանի դեռ այդ որոշումները թշնամական չեն Եվրոպական միության նկատմամբ, ես ուրախ եմ դրանց կապակցությամբ: Ես չեմ տեսնում Հայաստանի կողմից Եվրամիության նկատմամբ նախկինում իրականացված որևէ գործողություն, որը ոչ բարեկամական է եղել: Մենք չունենք որևէ լուրջ անհամաձայնություն Հայաստանի հետ: Ես մասնակցել եմ մի քանի բարձր մակարդակով հանդիպումների և կարող եմ ասել, որ դրանք բոլորն էլ անցել են կառուցողական ու ընկերական մթնոլորտում: Ես չեմ տեսել որևէ ոչ միայն էական, այլև ընդհանրապես՝ որևէ տարաձայնության կետ կողմերի միջև, ինչը շատ լավ է ապագայի համար: Իմ կարծիքով՝ պետք է կենտրոնանալ մեր երկկողմ օրակարգի վրա»,- շարունակեց Պյոտր Սվիտալսկին:
Մեկ շաբաթ առաջ Եվրամիության դեսպանը հայտարարել էր, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է առաջիկա նոյեմբերին Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը, ընգծելով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը՝ փաստաթղթի ստորագրման համար»։ Այսօր դեսպան Սվիտալսկին վերահաստատեց՝ ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի որևէ այլ պարտավորության հետ չի հակադրվում: «Ես շատ գոհ եմ, որ մենք մոտենում ենք համաձայնագրի ստորագրման պահին: Այդ համաձայնագիրը լիովին համադրելի է այն պարտավորությունների ու հանձնառությունների հետ, որոնք Հայաստանը կարող է ունենալ իր այլ գործողությունների արդյունքում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Պատասխանելով հարցին՝ ինչու՞ նախաստորագրված փաստաթղթի տեքստը չի հրապարակվում, դեսպանն ասաց, որ դա ընդունված ընթացակարգ է, և տեքստը գաղտնի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագիրը վերջնականապես ստորագրված չէ:
«Եթե դուք ցանկանում եք պատկերացում ունենալ, թե ինչի մասին է տեքստը՝ դուք կարող եք ուսումնասիրել նույնատիպ այլ փաստաթղթեր: Իհարկե, Հայաստանի հետ համաձայնագիրը տարբերվում է Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ բանակցված փաստաթղթերից, բայց ինչպես ասել ենք՝ մեծ գլուխները լինելու են նույնական կամ նման: Մենք բացատրել ենք այն ամենն, ինչ հնարավոր էր՝ կապված քաղաքական մասի հետ, և թե ինչու առևտրային մասը պետք է տարբեր լինի Մոլդովայի ու Վրաստանի հետ կնքված համաձայնագրերի նույն մասից, այսինքն՝ ընդհանուր առմամբ, դուք ուղեցույցն ունեք ու շարունակեք լինել համբերատար»,- ասաց Սվիտալսկին:
Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր մասնակցում էր «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով էսսեների մրցույթի ամփոփմանը: Հաղթած երկու դպրոցականներին պարգևատրելուց առաջ Եվրամիության ներկայացուցիչն ասաց, որ իրենք Հայաստանում որևէ թաքնված օրակարգ կամ եսասիրական խնդիրներ չունեն, ԵՄ-ի նպատակն է՝ ունենալ ժողովրդավար ու զարգացած հարևան: «Հայաստանը ռազմավարական առումով շատերի համար գուցե գրավիչ չէ՝ այստեղ ոչ նավթ կա, ոչ գազ, ոչ էլ երկիրը ռազմավարական առումով կարևոր տեղում է գտնվում, բայց ունի հարուստ մշակույթ, որը մեր եվրոպական պատմության ու ավանդույթների մասն է կազմում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին ի պատասխան՝ դեսպան Սվիտալսկին նշեց, թե այդ թեմայով ինքը քննարկումներ է ունենում իշխանությունների հետ: «Մենք քննարկում ենք հարցը՝ կապված այն մարդկանց հետ, ովքեր երբեմն հասարակական կազմակերպությունների կողմից համարվում են քաղբանտարկյալներ կամ խղճի բանտարկյալներ: Այո, մենք այս մարդկանց ընկալումները քննարկում ենք, հարցումներ ենք կատարում:
Ես շատ եմ գնահատում հանգամանքը, որ իրավապահ մարմինները միշտ ժամանակ են գտնում՝ քննարկելու նման զգայուն թեմաներ, երբ մենք այդպիսի ցանկություն ենք արտահայտում: Եվրամիությունը միշտ չէ, որ պարտադիր կերպով կիսում է հասարակական կազմակերպությունների կարծիքը: Մենք հիմնականում առաջնորդվում ենք նման հարցերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով: Եվ ինչպես հայտնի է՝ Հայաստանում չկան մարդիկ, ովքեր ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված կլինեին, որպես քաղբանտարկյալներ»,- ասաց ԵՄ դեսպանը:
Նրա ընդգծմամբ՝ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, իսկ վերջին խորհրդարանական ընտրությունների թափանցիկ կազմակերպման համար տրամադրված 7 միլիոն եվրոն «ճիշտ ներդրում էր»: