Այսօր «Վենիսաժի» հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով մահացել է Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, նույն մարզի բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանը՝ վիրավորվել է:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում, «Ազատությանը» փոխանցեցին «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանն ասաց, որ Աբգարյանը երկու հրազենային վիրավորում է ստացել՝ կրծքավանդակի և աջ ձեռքի շրջանում: Վիրահատությունը շուրջ 3 ժամ է տևել: Բժիշկը Աբգարյանի վիճակը ծանր գնահատեց, սակայն ընդգծեց՝ կենսական կարևոր օրգաններ վնասված չեն:
«Ցանկացած վիրավորում կյանքի համար սպառնալիք ունի, բայց քանի որ սրտի վնասում չի, թոքերի վնասում չի, հույս ունենք, որ օրեցօր վիճակը պիտի թեթևանա», - ասաց Ռոբերտ Կուրղինյանը:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ցերեկը ժամը 1.30-ի սահմաններում Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և «AK 74» տեսակի ինքնաձիգ: Մեկը՝ հենց «Վերնիսաժի» տարածքում, մյուսը՝ Բյուզանդի փողոցում: Կրակոցների հետևանքով վնասվել էին նաև հարակից հյուրանոցի ապակե պատուհանները, սակայն ականատեսները խուսափում էին մանրամասներ պատմել:
«Ես Վարդանանց փողոցի մոտ էի, էնտեղից ձայնը եկավ: Վերջում էլ երկու հատ օդինոչնի կրակոց եկավ պիստալետի», - պատմեց ականատեսներից մեկը:
«Ավտոմատի, զենքի կրակոցի ձայներ եկան», - «Ազատությանը» պատմեց ականատեսներից մեկը: Մյուսն էլ հավելեց․ - «Հասկացանք կրակոցներ են, արդեն մենք մտածում էինք, որ կարելի ա պախկվել»:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել 3 հոդվածներով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության և ապօրինի կերպով զենք կրելու, փոխադրելու հոդվածներով: Ոստիկանությունից հաղորդում են, որ որոնում են հարձակումն իրականացրած անձանց, անուններ, սակայն չեն հրապարակում:
Ըստ մամուլի, վիրավոր Վահագն Աբգարյանը Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն է, սպանված Գագիկ Մոսինյանը՝ նրա թիկնապահը:
Սա Աբգարյանի նկատմամբ առաջին սպանության փորձը չէ: Ըստ Քննչական կոմիտեի, երկու տարի առաջ՝ 2015-ին նրան պատկանող մեքենայի ուղղությամբ կրկին կրակոցներ էին արձակվել, սակայն այդ ժամանակ մեքենան վարել էր նրա ընկերը՝ Էդուարդ Պողոսյանը: Մեկ տարի անց՝ 2016-ին Ալավերդիում Պողոսյանը սպանվեց: Նրա սպանության մեջ կասկածվող Վարդան Փիրուզյանը դեռ հետախուզվում է: Իսկ այս տարվա հունիսին Ալավերդիում սպանվեց Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը: Սպանություն կատարած անձը հանձնվել էր իրավապահներին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօրվա սպանությունը կապում է հենց հունիսին Ալավերդիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հետ։ Իրավապաշտպանի համոզմամբ, չնայած գործը բացահայտվել է, սակայն քննությունը թերի է իրականացվել:
«Ինչ որ այսօր տեղի ունեցավ «Վերնիսաժում», ուղղակիորեն կապում եմ իրավապահների ոչ արդյունավետ, ոչ գրագետ աշխատանքի հետ: Եվ սա խոսում է այն մասին, որ տարբեր խմբավորումների միջև փոխադարձ հրաձգությունները, որպես խնդիրների լուծման միջոց մնում են չհաղթահարված, չկասեցված, իսկ դա վերստին պայմանավորված է իրավապահ մարմինների ոչ արդյունավետ գործունեությամբ», - ընդգծեց Արթուր Սաքունցը:
Լոռու մարզում բնակվող իրավապաշտպանի կարծիքով, եթե կատարված սպանությունների գործերով պատշաճ քննություն իրականացվեր և պարզվեին բոլոր մանրամասները, ապա իրավապահները կանխարգելիչ գործողություններ կձեռնարկեին՝ հնարավոր հետագա սպանությունները կանխելու համար:
«Զուգահեռ անցկացնեմ, որ եթե դա վերաբերեր քաղաքական գործընթացներին, ապա մենք բազմիցս համոզվում ենք, որ քաղաքական ընդդիմադիրների կողմից կատարվող գործողությունների նկատմամբ շատ ավելի մեծ ռեսուրսներ են ներդրվում՝ հայտնաբերելու կամ ձայնագրելու նրանց խոսակցությունները, գործողությունները, քան, ենթադրենք, այս քրեական վեճերի կամ քրեական բնույթի հանցագործությունների մեջ ներգրավված մարդկանց նկատմամբ», - ասաց Արթուր Սաքունցը: