Վարչապետի հանձնարարությամբ մշակված հայեցակարգը նպատակ է հռչակում Հայաստանում ռուսաց լեզվի հանրայնացումը

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ դրանով Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին հաճոյանալու հերթական քայլն են անում:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է, թե «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», որպես նպատակ նշում է «ռուսաց լեզվի հանրայնացումը» և ընդգծում, որ «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով, օտար լեզուներից ռուսերեն առանձնացվել է և այդ լեզվի համար մշակվել է առանձին հայեցակարգ, որովհետև «ռուսերենը Հայաստանում դասավանդվում է երկրորդ դասարանից, բացի այդ հաշվի են առնվել աշխարհաքաղաքական զարգացոմները և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին»․ - «Այս հայեցակարգով ռուսաց լեզվին որևէ կարգավիճակ տալու մասին խոսք չկա, ընդամենը դասավանդման որակի բարձրացման մասին է խոսքը»:

Դիտարկմանը, որ հայեցակարգում նշված է, թե «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար», Արշակյանը արձագաքնեց․ - «Խոսքը որ թե դպրոցների՝ միմյանց հետ համագործակցելու մասին է, այլ խոսքը գնում է միջազգային համագործակցության մասին»:

Դաշնակցական Լևոն Մկրտչյանի գլխավորած նախարարության մշակած հայեցակարգում կարդում ենք․ - «Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը, աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավումն ու գործընթացների իրականացումը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ մշակույթը մեզանում զարգացում և վերածնունդ չի ապրի, եթե հայ երիտասարդները ռուսերեն չիմանան, Արշակյանը պարզաբանեց․ - «Հայեցակարգը զուտ ռուսերենի դասավանգմանն է վերաբերում: Տարբեր երկրների մշակույթներին ծանոթանալը, կարծում եմ, որ դրական է անդրադառնում նաև մեր մշակույթի, գիտության, արտադրության, տնտեսության տարբեր ճյուղերին»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ օտար լեզուների՝ ներառյալ ռուսերենի տիրապետումը, անշուշտ, կարևոր է, սակայն տարակուսած էր, թե ինչու են իշխանությունները որոշել այլ օտար լեզուներից առանաձնացնել ռուսերենը, նախագիծ մշակել միայն ռուսերենի համար՝ այդ լեզվի ուսուցանումը և հանրայնացումը Հայաստանում հռչակելով պետության կարևորագույն խնդիրներից մեկը:

«Ցանկացած լեզու տիրապետելը շատ կարևոր է և կրթության նպատակն է: Ինչո՞ւ է սևեռվել ռուսերենի վրա մեր վարչապետը․․․ Սա վարչապետի հանձնարարականն էր: Ես հաստատ ասում եմ, որ Ռուսաստանին հաճոյանալու հերթական քայլն են անում, որը չափազանց վտանգավոր է», - ասաց Բախշյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը շուրջ հինգ տարի զբաղեցրած Բախշյանը ընդգծեց, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են երկրում օտար լեզվի զարգացման միջոցով հասնել տնտեսության ու գիտության վերածննդին, ապա ճիշտ կանեն նախևառաջ շեշտը դնեն անգլերենի վրա, որովհետև հայտնի փաստ է՝ միջազգային գիտական նյութերի մեծ մասն այսօր հենց այդ լեզվով է և այսօր անգլերենն է հանդիսանում միջազգային ամենատարածված լեզուն:

Անահիտ Բախշյանը չբացառեց, որ այսպիսի եղանակով իշխանությունները հող են նախապատրաստում Հայաստանում ռուսերենը հռչակել երկրորդ պետական լեզու․ - «Իշխանությունը եթե ինքը իր արժանապատվությունը կորցրել է արդեն և մտածում է դրա մասին, ապա հասարակությունը թույլ չի տա: Որովհետև սա առաջին դեպքը չի․ էլի եղել է էսպիսի աղմուկ, ու հասարակությունը թույլ չի տա: Մեր պետական լեզուն Սահմանադրությամբ հայերենն է, և երկրորդ պետական լեզու չի կարող լինել Հայաստանում: Այն իշխանությունը, որը կփորձի դա անել, ինքը իր գերեզմանը կփորի»: