Արա Զոհրաբյանը համերաշխության կոչ է հղում փաստաբաններին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր գործընկերներին ուղղված համերաշխության կոչով է հանդես եկել:

«Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված Փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ:
Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ: Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել Փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս: Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու», - , - ասված է Զոհրաբյանի հայտարարությունում, որը տարածել է Փաստաբանների պալատը:

«Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը», - վստահեցնում է Փաստաբանների պալատի նախագահը՝ ամփոփելով․ - «Մեր ուժը միասնության մեջ է: Սպասում եմ Ձեր արձագանքին»:

Հիշեցնենք, Արա Զոհրաբյանը անցած շաբաթավերջին ձայների 92 տոկոսով վերընտրվեց Փաստաբանների պալատի նախագահ:

184 փաստաբաններ երեկ մեկօրյա գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով դատարաններում իրականացվող, իրենց բնորոշմամբ՝ խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից: