Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի դիտարկմամբ, ներկայիս կառավարության մեկամյա գործունեության արդյունքում որևէ էական առաջընթաց չի գրանցվել ու չէր էլ կարող գրանցվել, քանի որ չի փոխվել տնտեսության որակը:
Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության 6,2 տոկոս կազմող աճին, ապա դա, Գևորգյանի խոսքով, ոչ թե տնտեսության որակի բարելավման արդյունք է, այլ բացառապես արտաքին գործոններով պայմանավորված ցուցանիշ: «Հայաստանում տնտեսությունն աճում է այն ժամանակ, երբ, օրինակ, Չինաստանում աճում է գունավոր մետաղների պահանջարկը: Այդ ժամանակ պղնձի գներն աճում են, Հայաստանից պղնձի խտանյութի արտահանումը կտրում աճում է, և քանի որ հանքարդյունաբերությունը շատ մեծ բաժին ունի Հայաստանի տնտեսության մեջ, գրանցվում է տնտեսական աճ: Եվ հակառակը՝ երբ միջազգային շուկայում պղնձի գինն անկում է ապրում, Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը ևս նվազում է»,- նշում է մեկնաբանը:
Այն, թե մարդիկ ինչպես են իրենց վրա զգացել հայտարարված աճի ազդեցությունը, ըստ Գևորգյանի, ստուգելը շատ հեշտ է: «Կարող ենք պարզապես այդ մասին փողոցում հարցնել անցորդներին: Չեմ կարծում, որ մարդիկ զգացել են, որովհետև այդ աճը արձանագրվում է խիստ կոնկրետ ոլորտներում, օրինակ՝ հանքարդյունաբերությունում: Եթե այդ ոլորտում արձանագրվում է, ասենք՝ 10 տոկոս աճ, ապա դա չի անդրադառնում մարդկանց կենսամակարդակի վրա այն պարզ պատճառով, որ դրանից շահում ենմ միայն հանքերի սեփականատերերը: Իհարկե, գուցե բյուջե մի քիչ ավելի փող է մտնում, բայց դա անմիջականորեն բնակչության վրա ազդել չի կարող:
Հանքարդյունաբերական ոլորտից բացի, օրինակ, աճ է արձանագրվել նաև ծխախոտի, կոնյակի արտադրության ոլորտներում: Իհարկե, լավ է, որ աճում է, բայց այդ աճի մեջ կառավարությունը որևէ ներդրում չունի, կոնյակ արտադրողը նոր շուկաներ է գտնում կամ կորցրածն է վերականգնում, աճում են արտադրության ծավալները, աճում են արտահանման ծավալները, արձանագրվում է աճ:
Օրինակ՝ ծխախոտի ոլորտը, դա մեկ առանձին ընկերության՝ «Գրանդ հոլդինգի» գործունեության արդյունքն է, և այստեղ կառավարությունը ոչինչ չի արել: Այսինքն՝ եղած աճերը բացառապես պայմանավորված են արտաքին կոնյունկտուրայի փոփոխություններով և ոչ՝ տնտեսության որակի բարելավմամբ»,- նշում է տնտեսական վերլուծաբանը: