Մեկնարկում են «Զապադ 2017» ռուս-բելառուսական զորավարժությունները

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը «Զապադ 2017»-ին նվիրված ճեպազրույցի ժամանակ, Մոսկվա, 29-ը օգոստոսի, 2017թ․

Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը վերստին հավաստիացնում է՝ այսօր մեկնարկող «Զապադ 2017» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները բացառապես պաշտպանական բնույթ են կրում:

Պաշտոնական Մինսկը, փորձելով փարատել Արևմուտքից հնչող մտահոգությունները, կրկին հայտարարել է, թե զորավարժություններին մասնակցող ռուսաստանցի զինվորականները մինչև սեպտեմբերի 30-ը լքելու են բելառուսական տարածքը: Այս մասին մասնավորապես հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար գեներալ-մայոր Օլեգ Վոինովը:

Թեև Բելառուսն ու Ռուսաստանը առաջին անգամ չեն համատեղ զորավարժություն անցկացնում, և թեև երկու երկրներից էլ պնդում են, որ սեպտեմբերին նախատեսված «Զապադ 2017»-ը պատասխան չէ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ամրապնդմանը, այդուհանդերձ, տարածաշրջանում այդ զորավարժությունների անցկացումը աննախադեպ անհանգստություն է առաջացրել, որ Կրեմլը կարող է իր զինուժն ու տեխնիկան թողնել Բելառուսում՝ մեծացնելով ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայի հետ սահմանին:

Արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում Ֆրանսիան և Գերմանիան, դատապարտել են այդ զորավարժությունները, պնդելով, թե «Մոսկվան ձգտում է ռազմական ուժի հզորություն ցուցադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»:

Ռուս-բելառուսական վեցօրյա համատեղ զորավարժությունները նախատեսված են մինչև սեպտեմբերի 20-ը, դրանք տեղի կունենան Բելառուսում և Ռուսաստանի Կալինինգրադի մարզում:

ԵԱՀԿ-ի պահանջով, որն անվանում են «Վիեննայի փաստաթուղթ», պետությունները պարտավոր են նախապես զգուշացնել ավելի քան 13 հազար զինծառայողների մասնակցություն ենթադրող զորավարժությունների մասին և ապահովել դիտորդների ներկայությունը: Պաշտոնական Մինսկը հայտարարել է, թե միջազգային դիտորդներ է հրավիրել Շվեդիայից, Նորվեգիայից, բալթյան մի շարք երկրներից:

Բելառուսը պնդում է, որ զորավարժություններին մասնակցելու է 12 հազար 700 զինծառայող, մինչդեռ ՆԱՏՕ-ի փորձագետների համոզմամբ՝ իրական թիվն ավելի մեծ կլինի: Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսը ավելի վաղ հայտարարել էր , թե իր համոզմամբ՝ այդ զորավարժություններին կարող է մասնակցել ոչ թե 12 հազար 700, այլ 100 հազար զինծառայող: