Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վերսկսվել են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունները:
Ռուսական պատվիրակությունն ավելի վաղ հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ: Բացի այդ, այսօր ռուսները հանդիպել են ամերիկյան դիտորդական խմբի հետ:
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ռուս, թուրք և իրանցի փորձագետների խորհրդակցությունների հիմնական թեման «Սիրիայում ապառազմականացման գոտիների հաստատումն է և Իդլիբի շրջանում վերահսկողական ուժերի կազմավորումը»:
Երեկ Աստանա են ժամանել ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար ալ-Ջաաֆարին և Սիրիայի կառավարության պատվիրակությունը:
Բանակցություններին մասնակցում են նաև Սիրիայի ընդդիմության որոշ խմբավորումների ներկայացուցիչները և ամերիկյան դիտորդական առաքելության անդամները:
Աստանայի գործընթացին զուգահեռ Ժնևում անցկացվում են Սիրիայի հարցով առանձին բանակցություններ: