Յունկերը բացառում է «տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին»

«Անկարայի վերաբերմունքը բացառում է տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորներին տարեկան զեկույցը ներկայացնելիս:

Օրակարգային մի շարք հարցերի թվում Յունկերը անդրադարձել է նաև Թուրքիա - ԵՄ հարաբերություններում օր-օրի խորացող ճգնաժամին․ - «Արդեն որոշ ժամանակ է, ինչ Թուրքիան հեռանում է Եվրամիությունից։ Եվրոպան հասուն ժողովրդավարություն ունեցող աշխարհամաս է։ Երբեմն ինձ թվում է, թե ոմանք Թուրքիայում ուզում են փակել ուղիները և հետո մեղադրել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների անհաջողության համար»։

Նա հավելել է, որ ԵՄ-ն միշտ պատրաստ է ձեռք մեկնել թուրք ժողովրդին, սակայն Թուրքիան «կարծես հող է նախապատրաստում անդամակցության բանակցությունները վիժեցնելու համար»։

Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է նաև Թուրքիայում ազատազրկված լրագրողների մասին՝ նշելով, որ այս հարցով դիմել է թուրքական պատկան մարմիններին։

«Լրագրողների տեղը լրատվական կենտրոններն են, այլ ոչ թե բանտերը։ Ազատե՛ք մեր լրագրողներին և ոչ միայն նրանց։ Դադարեք վիրավորել եվրոպացի առաջնորդներին՝ նրանց անվանելով «ֆաշիստ» և «նացիստ»», - ասել է Յունկերը՝ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ եվրոպացի պաշտոնյաներին հասցեագրված հայտարարությունները։

Խոսելով Եվրամիության ընդլայնման հեռանկարների մասին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նշել է. - «Ապագայում Եվրամիությունը 27-ից ավելի անդամ կունենա։ Սակայն անդամակցության համար իրավունքի գերակայությունը մշտապես շարունակելու է նախապայման լինել։ Սա վերաբերում է նաև Թուրքիային»։