Իսրայելը պաշտպանում է Քուրդիստանի անկախության հանրաքվեն

Իսրայելը պաշտպանում է սեփական պետություն ստեղծելու քուրդ ժողովրդի ձգտումները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Իսրայելը պաշտպանում է պետականություն ունենալու քուրդ ժողովրդի օրինական իրավունքը», - ըստ BBC-ի՝ ասել է Իսրայելի վարչապետը:

Իրաքի խորհրդարանը երեկ քվեարկությամբ մերժել է Քուրդիստանի անկախության սեպտեմբերի 25-ին պլանավորված հանրաքվեն: Խորհրդարանը Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիին լիազորել է երկրի ամբողջականությունը պաշտպանելու քայլեր կատարել և լուրջ երկխոսություն սկսել քուրդ առաջնորդների հետ: Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավորները բոյկոտել են քվեարկությունը․ քվեարկությունից առաջ նրանք դուրս են եկել դահլիճից:

Իրաքի հյուսիսում, Քուրդիստանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին ասել է, որ վճռական է սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն անցկացնելու հարցում: «Բաղդադի հետ երկխոսությունը կվերականգնվի հանրաքվեից հետո», - նշված է նրա հայտարարությունում:

Իրաքը, Սիրիան, Իրանը, Թուրքիան դեմ են քրդերի անկախության հանրաքվեին: Այդ երկրներում բազմաքանակ քրդեր են ապրում: