Այսօր ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվող արտահանումների խթանման շուրջ քննարկումներ է ունեցել Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա, ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունում:
Հայ-ամերիկյան առևտրային պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքի հետ քննության են առել արտահանման հնարավորությունները: Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016 թվականին թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը:
GSP-ի հետ կապված այս հանդիպումները կազմակերպվում են ի կատարումն Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի շրջանակում ԱՄՆ կառավարության ստանձնած պարտավորությունների:
Իր խոսքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շեշտել է, որ ամերիկյան պատվիրակության այցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումն է և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ու օգուտների մասին իրազեկելը:
«Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչ պայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից: Այսօր այստեղ գտնվող պատվիրակությունը կներկայացնի այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են դեպի Միացյալ Նահանգներ Հայաստանի արտահանման ներուժը առավելագույնս օգտագործելու և GSP-ի ներքո տրամադրվող արտոնություններից լիարժեք օգտվելու համար», - նկատել է դեսպանը:
«Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974 թվականի օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից, կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ապրանքները ներառում են ալյումինե փայլաթիթեղից և ոսկերչական իրերից մինչև ֆերմենտացված ըմպելիքներ և բալի ջեմ», - ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:
Տե՛ս նաև այստեղ