Պաշտոնական Վաշինգտոնին մտահոգում է C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի վաճառքի ռուս-թուրքական գործարքը:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը երեկ գործարքի մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ Վաշինգտոնն արդեն հայտնել է Անկարային իր անհանգստությունը այս համաձայնագրի վերաբերյալ:
«Մենք մեր դաշնակից Թուրքիայի հետ այս հարցով բաց երկխոսություն ենք վարում և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում սպառազինության խոշոր գնումների դեպքում օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ընդգծելով․ - «Թուրքիան Միացյալ Նահանգների առանցքային գործընկերն է, և Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր էլ բարձր մակարդակի վրա է»:
«Թուրքիան հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության համակարգերով», - ասել է Ջոնի Մայքլը:
Խնդիրն այն է, որ ռուսական և ամերիկյան համակարգերը համատեղելի չեն: Վաշինգտոնի պնդմամբ՝ Թուրքիայի համար ամենաապահովը ՆԱՏՕ-ի հետ համատեղելի հակահրթիռային համակարգերն են:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան արդեն իսկ վճարել է ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նրա խոսքով, չնայած Հյուսիսատլանտյան դաշինքի հակազդեցությանը՝ Մոսկվան և Անկարան վճռական են այս գործարքը ավարտին հասցնելու հարցում:
Հավելենք՝ Մոսկվան արդեն շուկա է հանել C-500 նորացված համակարգը, և դրա հավանական գնորդների ցանկում է, ինչպես ռուսական աղբյուրներն են գրել, նաև Ադրբեջանը: