Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել С-400-ների ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարը

Ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրը, արխիվ

Թուրքիան արդեն իսկ մուծել է ռուսական արտադրության С-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարը: Այս մասին Ղազախստանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքական հանրապետության ղեկավարի խոսքով, չնայած Հյուսիսատլանտյան դաշինքի հակազդեցությանը` Մոսկվան ու Անկարան հաստատակամ են այս գործարքը ավարտին հասցնելու հարցում:

«С-400-ների ձեռքբերման շուրջ պայմանագիրն արդեն իսկ ստորագրվել է: Իմ տեղեկություններով՝ կանխավճարը ևս փոխանցվել է [ռուսական կողմին]: Հաջորդ քայլը լինելու է ռուսական վարկի տրամադրումը Թուրքիային», - հայտարարում էր Էրդողանը` անուղղակիորեն հաստատելով ավելի վաղ մամուլում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Թուրքիան С-400 համակարգերի ձեռքբերման համար բավարար ֆինանսական միջոցներ չունի, ուստի ստիպված է լինելու վարկ վերցնել ռուսական կողմից: Դեռ մայիսին մոսկովյան РБК հեռուստաընկերությունը պնդում էր, որ թուրքական կողմը փորձում է խուսափել վարկ վերցնելու տարբերակից` Ռուսաստանից ավելորդ ֆինանսական կախվածության մեջ չհայտնվելու համար:

Թուրք լրագրողների հետ զրույցում, սակայն, Էրդողանը փաստորեն հասկացրեց, որ Մոսկվայի հետ առկա բոլոր տարաձայնությունները հաղթահարված են, և ՆԱՏՕ-ի ճնշման առջև թուրքական իշխանությունները չեն ընկրկելու:

«Որևէ այլ պետություն իրավունք չունի քննարկման առարկա դարձնել Թուրքիայի ինքնիշխան և անկախ որոշումները, որոնց նպատակը երկրի պաշտպանունակության ամրապնդումն է», - հայտարարում էր Էրդողանը:

Այն նույն ժամերին, երբ Թուրքիայի նախագահը հանդես էր գալիս այս հայտարարություններով, պաշտոնական Բեռլինը տեղեկացրեց, որ սառեցրել է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր ընթացիկ գործարքները:

«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարմանն առնչվող հայտերի մեծ մասի իրականացումը», - Handesblatt թերթի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ երեկ երեկոյան հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը` հավելելով, սակայն, որ թուրք-գերմանական ռազմատեխնիկական համագործակցությունը 100 տոկոսով չէ, որ դադարեցվել է:

«Թուրքիայի հետ կապված ես կարող եմ միայն նշել, որ մեր կոնֆլիկտը կառավարության հետ է, այլ ոչ թե շարքային թուրքերի», - հայտարարում էր Գաբրիելը:

Գերմանական DPA գործակալությունը, այդուհանդերձ, պնդում է, որ 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Գերմանիան 25 միլիոն եվրոյի սպառազինություն է մատակարարել Թուրքիային: «Ընդհանուր առմամբ ռազմական նշանակության արտադրանքի 99 մատակարարում է եղել ընթացիկ տարվա ընթացքում: Դրա ընդհանուր ծավալը, սակայն, զգալիորեն կրճատվել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Գերմանիան Թուրքիային մոտ 70 միլիոն եվրոյի զենք ու զինամթերք է մատակարարել`158 առաքումների միջոցով», - փոխանցում է գործակալությունը: