Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հրաժարվում է մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից Ռուսաստանի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային սպառազինություն վաճառելու համար՝ հայտարարելով, որ հակամարտության գոտի զենքի մատակարարումը կսրի իրավիճակը, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է հարձակողական սպառազինության լայնածավալ մատակարարումներն Ադրբեջան, որը Բաքուն օգտագործեց ապրիլյան պատերազմի ժամանակ:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Իվան Վոլինկինը փորձում էր խույս տալ այս հարցից: Ի դեպ, երեկ Ռուսաստանի նախագահը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար: «Կարող եմ մի բան ասել՝ էթիկապես ճիշտ չէ, որպեսզի դիվանագետը մեկնաբանի իր երկրի նախագահի խոսքերը»,- ասաց Վոլինկինն ու շարունակեց․
«Դուք ուրիշ թեմա ունե՞ք, նույնը հարցն անընդհատ տալիս եք, ինչքա՞ն կարելի է այդ մասին խոսել, այստեղ ամեն ինչ պարզ է՝ Ռուսաստանի բոլոր ղեկավարներն արդեն արտահայտվել են այս թեմայի վերաբերյալ: Մենք սպառազինություն ենք մատակարարում նաև Հայաստանին»: «Աստված իմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ես ձեզ ասացի, որ այդ թեմայով ձեզ հետ չեմ խոսելու: Չեմ պատասխանի այդ հարցին: Ռուսաստանի նախագահի հայտարարությունը չեմ մեկնաբանի»:
Անդրադառնալով Ուկրաինային ամերիկյան սպառազինության վաճառքին՝ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը, ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, մեկ շաբաթ առաջ հայտարարել էր․ «Միացյալ Նահանգների ինքնիշխան իրավունքն է՝ զենք վաճառել կամ այն անվճար մատակարարել նաև այն երկրին, որը չի հանդիսանում այդ օժանդակության հասցեատերը: Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն գոյություն ունեն ընդհանուր միջազգային կանոններ և մոտեցումներ: Հակամարտության գոտի սպառազինության մատակարարումը չի նպաստաում խաղաղության հաստատմանը, այլ միայն սրում է իրավիճակը»:
Պուտինի այս խոսքերը հատկապես ուշագրավ են Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության չդադարող մատակարարումների ֆոնին: Այս հունիսին և հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ և ТОС-1А Солнцепек ծանր հրանետի մոտ 200 հրթիռ: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4%-ը:
Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ:
Պուտինի հայտարարության հաջորդ օր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ռուսաստանի նախագահի խոսքերին, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախ հիշեցրել էր պաշտոնական Մոսկվայի բազմիցս հնչեցրած բացատրությունները, որ եթե իրենք սպառազինություն չմատակարարեն Ադրբեջանին, ապա դա կանեն այլ պետություններ: Այնուհետև, Քոչարյանը հանդես էր եկել առաջարկությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք պետությունները ՄԱԿ Անվտանգության խոհրդի մշտական անդամներ են և ունեն անհրաժեշտ ներուժը, որպեսզի ընդհանուր էմբարգո կիրառեն հակամարտող գոտիներ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ, սպառազինության մատակարարումների նկատմամբ:
Ավելի վաղ՝ այս հուլիսին, լրագորղների հանդիպմանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայատատրել էր, որ ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն:
Վերադատնանք, սակայն, Վոլինկի հետ ճեպազրույցին: Հարցին՝ ինչպես է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ռազմական ոլորտում հայ-չինական համագործակցությանը, դեսպանն արձագանքեց․ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է հարաբերություններ զարգացանել ում հետ ցանկանում է: Հայաստանն ու Ռուսաստանը ընկերություն են անում, չի կարելի ընկերություն անել ինչ-որ մեկի դեմ: Ըներություն անելը սրտից է գալիս, իսկ ինչ-որ մեկի դեմ ընկերություն անելը, դա արդեն ընկերություն չէ»:
Վոլինիկնը անդրադաձավ նաև ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու «Ելք» դաշինքի նախաձեռնությանը, ասելով՝ «Եթե նրանք՝ [«Ելք» դաշինքը] ցանկանում են հանդես գալ նման նախաձեռնությամբ, խնդրեմ՝ ոչ ոք նրանց չի խանգարում: Այլ հարց է՝ որքանո՞վ է դա հարկավոր Հայաստանին: Կարծում եմ, Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ այդ նախաձեռնության հետ, որովհետև նրանք տեսնում են այն ակնհայտ առավելությունները, որ Հայաստանն ունի՝ անդամակցելով ԵՏՄ-ին»: