Էրդողան․ Թուրքիան կանխավճար է մուծել Ռուսաստանին S-400-ների համար

Ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կանխավճար է մուծել Ռուսաստանին S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար:

«Մեր բարեկամները արդեն ստորագրել են S-400-ի հարցով համաձայնագիրը, և որքան ես տեղյակ եմ, կանխավճարը նույնպես արդեն մուծվել է», - Էրդողանի խոսքերն է մեջբերում թուրքական Hurriyet պարբերականը:

«Մեր անկախությանը վերաբերող որոշումները կայացնում ենք մենք: Մենք պատասխանատվությամբ ենք մոտենում մեր երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտի գործողություններին», - նաև հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև S-400-ի շուրջ նախնական պայմանավորվածության կայացման մասին միջազգային լրատվամիջոցները գրել էին դեռևս հուլիսին՝ նշելով, որ Անկարան Մոսկվային վճարելու է 2․5 միլիարդ դոլար, որի դիմաց ռուսական կողմը 2018 թվականին S-400 երկու համակարգ է մատակարարելու, նաև օգնելու է, որ Թուրքիայում արտադրվեն ևս երկու նման համակարգեր:

Գործարքի կապակցությամբ մտահոգություն էր հայտնել Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգների Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: «Եթե Թուրքիան ի վերջո որոշի Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգերը, ապա դա Միացյալ Նահանգներում չի կարող մտահոգության տեղիք չտալ», - հայտարարել էր նա:

Մանրամասները տե՛ս այստեղ