Պուտին. ՄԱԿ-ի խաղաղապահները կարող են տեղակայվել ոչ միայն Դոնբասի շփման գծում

Անգելա Մերկել և Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է փոփոխությունների ենթարկել Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը: Երեկ երեկոյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել ոչ միայն ուկրաինական բանակի և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերի շփման գծում, այլև այն շրջաններում, որտեղ Մինսկի համաձայնագրի դրույթներին համապատասխան գործում են ԵԱՀԿ դիտորդական խմբերը, նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, թե Մոսկվան դեմ չի լինի, որ ԵԱՀԿ դիտորդների պաշտպանության համար թեթև զինված խաղաղապահներ տեղակայվեն Դոնբասում:

Հիմնական տարաձայնությունը Կիևի և Մոսկվայի միջև հենց խաղաղապահների տեղակայման վայրի շուրջ է: Ուկրաինան համարում է, որ այդ խաղաղապահները պետք է լինեն նաև ռուս-ուկրաինական սահմանի այն հատվածներում, որոնք պաշտոնական Կիևը այսօր չի վերահսկում: Մինչ օրս Մոսկվան սա չէր ընդունում և պնդում էր, որ խաղաղապահները կարող են տեղակայվել միայն Դոնբասում՝ ուկրաինական զինված ուժերի և անջատողականների շփման գծում, և որ խաղաղապահների հարցը Կիևը պետք է համաձայնեցնի հենց անջատողականների հետ: Սա ամբողջովին անընդունելի տարբերակ էր Կիևի համար:

Փորձագետները, սակայն, հոռետես են և ասում են, որ Մոսկվայի այս նոր մոտեցումը ընդամենը փիառ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի նախօրեին, որի շրջանակում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մտադիր է բարձրացնել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը:

Երեկվա հեռախոսազրույցում Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները քննարկել են նաև Հյուսիսային Կորեայի հարցը և հայտարարել են, որ կորեական ճգնաժամը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Զայբերտը: