Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ, ապրիլ, 2017թ․

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է արտաքին գերատեսչությունների ներդրումը Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում:

Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների շրջանակներում գործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվել է հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։