Արտակ Սարգսյան․ «Ինչ ասում են, սաղ սուտ ա»

ՀՀԿ պատգամավոր, «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյան, 11-ը սեպտեմբերի, 2017 թ․

Իրավապաշտպանի կարծիքով՝ ՍԱՍ-ի ձայնագրության գործի կարճումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանության հովանավորությունը վայելողները կարող են անպատիժ նսեմացնել մարդկային արժանապատվությունը:

Խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի կարծիքով ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունն «իրականության հետ կապ չունի»։

ՀՔԾ-ն մի քանի օր առաջ որոշում էր կայացրել՝ կարճել ՍԱՍ-ի ժողովի աղմկահարույց ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Կարճման որոոշումը, ըստ «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի, արդար էր, ու «ինչ ասում են, սաղ սուտ ա»:

Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց Hayastan24.Com կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ժողովի մասնակցիներին հորդորում է աշխատել իշխող ՀՀԿ-ի պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար, սպառնալով՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: «Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Պաշտոնական տվյալներով՝ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ի ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ապահովել է մոտ 12 հազար ձայն:

Բազմաթիվ հարցեր ԱԺ-ում իր լռությամբ աչքի ընկնող Արտակ Սարգսյանն այսօր անպատասխան թողեց։ Պատգամավորի տրամադրությունն այնքան բարձր էր, որ անգամ որոշեց հեգնել համառորեն հարցեր տվող լրագրողներին: «Մինչև մեքենա կուղեկցեք չէ՞ ինձ»,- առաջարկեց պատգամավորը:

ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործի կարճումը քննադատեցին շատ ընդդիմադիրներ և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ելք» դաշինքի ղեկավար անդամներից Էդմոն Մարուքյանն «Ազատության» եթերում հայտարարեց՝ «Հայաստանում օրենքն ընտրողաբար է կիրառվում»:

«Գործ են հարուցում, ինչ-որ տեղ նաև տեղեկություն են ուղարկում հանրությանը և Հայաստանի միջազգային գործընկերներին, որ տեսեք՝ դեպքը կա, մենք զբաղվում ենք: Հետո շատ երկար ժամանակ է անցնում, ծամում են այդ գործը, հետո էլ կարճում են, անցնում գնում է»,- ասաց Մարուքյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով էլ՝ ՍԱՍ-ի ձայնագրության գործի կարճումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանության հովանավորությունը վայելողները կարող են անպատիժ նսեմացնել մարդկային արժանապատվությունը: ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց՝ ՀՔԾ որոշումը քննարկման ենթակա չէ․ «Կարծում եմ, որ այդ որոշումը բխում է օրենքի շահերից»:

ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության հիման վրա քննություն սկսելու՝ դատախազության նախաձեռնությունը ողջունել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: «Խիստ մտահոգիչ» համարելով հրապարակված նյութը՝ դեսպանատունը նաև հիշեցրել էր խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների հայտարարություններն այն մասին, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները:

Հանրապետական Գագիկ Մելիքյանը միջազգային հանրությանը հորդոր ունի․ «Հավաստի տեղեկությունների մասին հայտարարությունները, կարծում եմ՝ պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին: Ներկայացման դեպքում, համոզված եմ, որ համապատասխան քննություն կիրականացվի: Բոլոր նրանք, ովքեր կհանդիսանան մեղավորներ, կստանան իրենց համապատասխան պատիժները: Ում մեղավորությունն էլ իրավականորեն չհիմնավորվի, կկայացվաի համապատասխան որոշում: Կարծում եմ՝ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի բոլոր կառույցների կողմից, այդ թվում՝ նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, քանի որ դա բխում է օրենքի շահերից և մեր ժողովրդի շահերից»,- ասաց հանրապետական Գագիկ Մելիքյանը: