Ժամեր առաջ մեկնարկած Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը այսօր կներկայացնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծ:
Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականին», այդ կապակցությամբ ընդգծեց․ - «Ժամանակին ինչ էր ասվում՝ որ անվտանգության համար մտանք, տնտեսությունն է զարգանում: Մենք ապացուցում ենք, որ տնտեսությունը չի զարգանում, անվտանգությունն ավելի խոցելի է դարձել, Հայաստանի միջազգային մեկուսացումը արդեն փաստ է, և էլի մի կարևոր հանգամանք կա՝ որ ԵԱՏՄ անդամ երկրների ավտորիտար ավանդույթները հետևողական կերպով ներմուծվում են Հայաստան, որը որ մեզ համար անընդունելի է»:
«Եվ նաև այստեղ մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների հետ կապված խնդիր կա, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ռեգրես է տեղի ունեցել երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների մասով, և Հայաստանը ետ է գլորվում», - շարունակեց Մարուքյանը:
«Եթե նայենք [2008 թվականի] մարտի 1-ի դեպքերից հետո մինչև 13 թվականը, այդ երեք տարվա մեջ բավականին ռեֆորմներ են Հայաստանում իրականացվել, և բավականին արդյունքներ են արձանագրվել, և այդ ամեն ինչը արվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար՝ դա է եղել Հայաստանի մոտիվացիան այդ ռեֆորմներն անելու համար: Հիմա Հայաստանը որևէ ռեֆորմ անելու մոտիվացիա չունի` ինչի՞ համար ռեֆորմ անի», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը՝ մանրամասնելով․ - «Նայում է իր դաշնակիցներին, տեսնում է՝ այնտեղ ի՞նչ ռեֆորմ, ի՞նչ բան, բոլոր տեսակի ազատությունները ետընթացի մեջ են, այդ վատ ավանդույթները գալիս են Հայաստան, և մենք արդեն հիմա մամուլի ազատության հետ կապված ենք քննարկումներ ունենում, որ անձնական տվյալների հետ կապված օրենք են ցանկանում փոխել, երկրի կառավարման համակարգի փոփոխություն․․․ Այսինքն՝ այս ամեն ինչը Հայաստանում տեղի է ունենում ԵԱՏՄ-ի անդամակցումից հետո, և որևէ մեկը չի կարող ասել՝ մեկը մյուսի հետ կապ չունի»:
Դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկան իսկապես կա, Մարուքյանը արձագանքեց․ - «Այո, մենք հստակ ուսումնասիրություններով ներկայացրել ենք: Պատկերացրեք՝ ԵԱՏՄ շրջանառության 620 միլիոն դոլարից 605-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, այսինքն՝ Հայաստան-Ղազախստան, Հայաստան-Բելառուս, Հայաստան-Ղրղըզստան, էս մակարդակում մենք որևէ զարգացում չունենք, մենք ունենք Հայաստան-Ռուսաստան: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մինչ այդ էլ կային, մենք ԱՊՀ շրջանակներում ունեինք ազատ առևտրի համաձայնագիր, եթե պետք էր այդ մաքսատուրքերը, որ շատ փոքր, չնչին գումար է կազմում, դա վերացնել, եկեք երկկողմ հարաբերությունները զարգացնենք, հասնենք դրան Ռուսաստանի Դաշնության հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, բայց միևնույն ժամանակ մեզ չսահմանափակենք ԵԱՏՄ համաձայնագրով, որը մեզ հնարավորություն չի տալիս, խանգարում է, արգելում է հարաբերություններ կառուցել մեր հարևան Իրանի Հանրապետության հետ, մեր հարևան Վրաստանի հետ և այլ երկրների հետ»:
Ավելին, ինչպես նշեց ընդդիմադիր պատգամավորը, իրենք նաև այլընտրանքն են ցույց տվել, թե Հայաստանը ինչից է զրկվել՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը․ - «Հայաստանը զրկվել է Եվրոպական միության 500-միլիոնանոց շուկայի մուտքից՝ այդքան սպառող ունեցող շուկայի, բարձր գնողունակություն ունեցող շուկայի, և դրան գումարած՝ այն աուրայի, այն բարեփոխումների, այն ներդրումների, որը որ սպասվում էր Հայաստանում: Հիմա Հայաստանում որևէ բան չի սպասվում, և այս երեք տարիների ընթացքում մենք ռեգրես ենք գրանցել բոլոր ուղղություններով»:
2015 թվականի հունվարից գործող Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը: Մաքսային միությանը, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը անդամակցելու Հայաստանի մտադրության մասին նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ հայտարարել էր 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո՝ ըստ էության հրաժարվելով Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից հետո սպասվող Ասոցացման համաձայնագրի կնքումից։
«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի սեպտեմբերի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․