ՀՀ նախագահը ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սբ․ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի առթիվ

Տեսարան Վենետիկից, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ, դա որակելով բացառիկ պատմական իրադարձություն:

«Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոն։ 1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների: Գտնվելով Եվրոպայի սրտում՝ Մխիթարյան միաբանությունը հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արևմուտքին և փոխադարձաբար՝ արևմտյան մշակույթը` հայոց աշխարհին», - ասված է ուղերձում, որի տեքստը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Բացառիկորեն մեծ է Մխիթարյան միաբանության ավանդը հայագիտության զարգացման գործում․ մեր հոգևոր հայրերը դարեր շարունակ վիթխարի աշխատանք են կատարել Միաբանության Մայրավանքի՝ աստվածառաք լույսով ողողված սենյակներում։ Դրա վկայությունն են գիտական ընդհանուր և ճյուղային բառարանները, թարգմանական և կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատությունները», - իր ուղերձում գրում է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ Միաբանության վանական համալիրում պահվող ձեռագրերն ու մատյանները ոչ միայն հայ մշակութային ժառանգության հարստության վկայություններն են, այլև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ:

«Պատմականությունն ամրագրվում է ժամանակով․ Մխիթարյան միաբանությունն իր դարավոր գործունեությամբ դա լավագույնս փաստել է՝ հաղորդակից դարձնելով ազգայինը համամարդկայինին», - ասված է ուղերձում:

Հայաստանի նախագահը Միաբանության անդամներին մաղթում է «գործունեության երկար և արգասաբեր տարիներ՝ իրականացնելու Մխիթար Սեբաստացու «Ամեն ինչ Հայաստանի և Հայրենիքի համար» սրբազան պատգամը»։