Երևանում դարձյալ բանկոմատ է պայթեցվել, հափշտակվել է մեծ գումար, հարուցվել է քրգործ․ ՔԿ

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

«Նախնական տվյալներով՝ 2017 թ. սեպտեմբերի 09-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթյունի եղանակով բացել և Հանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ վերցվել է բանկոմատի կոշտ սկավառակը: Նշանակվել են դատահամակարգչատեխնիկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ բանկոմատների պայթեցման միջոցով Երևանում խոշոր գումարի հափշտակություւն էր տեղի ունեցել նաև 2016 թվականի դեկտեմբերին: Պայթեցվել էին «ՎՏԲ-Հայաստան» և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկերի բանկոմատները: