Պայթյուն Կիևում. մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել

Կիևում պայթեցված մեքենան, 8-ը սեպտեմբերի, 2017թ.

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբ է պայթել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել։

Ոստիկանության և պայթյունի ականատեսների պնդմամբ՝ զոհված տղամարդը Վրաստանի քաղաքացիություն ունեցող, ազգությամբ չեչեն Թիմուր Մախաուրին է, ով ուկրաինական կամավորական գումարտակի կազմում կռվել է Ուկրաինայի արևելքի անջատողականների դեմ։ Այս պնդումը դեռ պաշտոնական հաստատում չունի։

Ոստիկանությունը հաղորդում է, որ պայթյունից տուժած կինը լուրջ վնասվածներ է ստացել, իսկ 5-10 տարեկան երեխայի վիճակը բավարար է։ Իրավապահները հայտնել են, որ նրանք Մախաուրիի ազգականները չեն։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության խոսնակ Արտյոմ Շևչենկոն «Ազատությանը» հայտնել է, որ Մախաուրին հայտնի էր «քրեական շրջանակներում» և «օրինապահ քաղաքացու օրինակ չէր»։ Շևչենկոյի խոսքով՝ քրեական գործ է հարուցվել՝ կանխամտածված սպանության համար, որը կատարվել է հանրության համար վտանգ ներկայացնող եղանակով։