Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2006 թվականին ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Ըստ կոմիտեի, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006 թվականին ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել և դիմելով կտրուկ մանևրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված աղջիկը տեղում մահացել է: Իսկ «Հոնդա » մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է ԱԻՆ-ի աշխատակից, թողել է դեպքի վայրը և հեռացել», - ասված է հաղորդագրությունում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի [ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ] և 244-րդ հոդվածի [ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը] հատկանիշներով, իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
«Նկատի ունենալով մեղադրյալներից մեկի՝ ԱԻՆ-ի աշխատակից լինելու հանգամանքը՝ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին», - ասված է հաղորդագրությունում։