«Զվարթնոց»-Երևան երթուղու մրցույթին մեկ ընկերություն է մասնակցել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ նախարարությունը (ՏԿՏՏՆ) տեղեկացնում է, որ կայացել է «Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը:

Ըստ նախարարության, մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ՝ «Էլիտ բաս» ընկերությունը:

Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Նախարարությունը նշում է, որ մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ «Էլիտ բաս»-ի ներկայացրած 3 ավտոբուսների տեխնիկական վիճակը համապատասխանում է ուղևորափոխադրում կատարելու համար սահմանված պահանջներին:

«Զվարթնոց» օդանավակայան - Երևան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռևս 2017 թվականի հունիսին: Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո երթուղին գործելու է շուրջօրյա՝ ուղևորափոխադրում իրականացնելով յուրաքանչյուր ժամը մեկ:

Երթուղու սկզբնակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը, ասված է նախարարության հաղորդագրությունում։