Գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, այս ձայնագրությունը փաստում է, որ մարդկանց կամքին բռնացել են․ - «Դասը հետևյալը եղավ, որ կան որոշակի մարդիկ, որոնք կարող են հրապարակավ, անպատիժ նսեմացնել, նվաստացնել մարդկանց, մարդկային արժանապատվությունը: Սա մեկ: Երկրորդը, որ այդ մարդիկ ունեն ամենաբարձր հովանավորությունը՝ հանձինս քաղաքական իշխանության»:
«Տրանսփարենսի ինթերնեյնեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանին ՍԱՍ-ի ձայնագրության գործը կարճելու որոշումը չի զարմացրել․ - «Եթե պետք է ապահովվի որոշակի քաղաքական ուժի հաղթանակ, և այդ ուժը իշխող ուժ է, այդ դեպքում այդ մեթոդները, բնականաբար, պատժելի չեն իրենց համար: Դա պատժելի կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը այդպիսի բան անեին»:
Ձայնագրությունը խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց առաջինը հրապարակել էր Hayastan24.Com կայքը: Մոտ 40 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը:
Հանրապետականի տարածքային ցուցակով Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններում առաջադրված Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ի ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ապահովեց մոտ 12 հազար ձայն:
«Հետք» պարբերականի տեղեկություններով, այդ ժողովը վարել է պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ՀՔԾ-ից իրենց չեն էլ դիմել՝ ճշտելու, թե որտեղից իրենց տեղեկությունը, թե ժողովը վարել է հենց պատգամավոր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրը: Հարցը Բաղդասարյանին նույնիսկ զարմացրեց: Նա կարծում է, որ «քննություն իրականում չի էլ անցկացվել»:
Իսկ ձայնագրությունը հրապարակած «Հայաստան 24»-ի խմբագիր Եվա Ադամյանն ասաց, որ ՀՔԾ-ից կայքի էլեկտրոնային հասցեին նամակ են ստացել՝ հրապարակմանը վերաբերող պարզաբանումներ տալու խնդրանքով: Ադամյանը նշեց, որ ինքը պաշտոնապես չի մերժել իրավապահների խնդրանքը, այդուհանդերձ ՀՔԾ-ից կայքին այլևս դիմող չի եղել:
«Այլ ելք չկար այս գործի․ կա՛մ պետք է բացահայտվեր, կա՛մ պետք է փակվեր: Պարոն Սերժ Սարգսյանը որոշեց, որ պետք չէ աղմուկ բարձրացնել, և որոշեցին իրենց հերթական պրոտեժեին սարքել դեպուտատ: Գոնե ամոթից ելնելով էդ մարդուն թույլ չտային դառնալ պատգամավոր», - հավելեց Ադամյանը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն կարճեց նաև ընտրություններին վերաբերող «Զիբիլիքս» անունը ստացած գործը: Հանրապետական շտաբի հարևանությամբ աղբարկղում հայտնաբերած ցուցակները վկայակոչելով՝ ընդդիմադիր «Ելք»-ը պնդում էր, թե Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համատարած և կենտրոնացված բնույթ:
Իրավապահները քրեական գործ հարուցելու հիմք ընդհանրապես չտեսան «Իրազեկ քաղաքացի» միավորման բացահայտման մեջ: Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից առաջ կազմակերպությունը հրապարակել էր 100-ից ավելի դպրոցի և մանկապարտեզի տնօրենների հեռախոսազրույցները, որոնցում վերջիններս խոստովանում էին, որ իշխող ուժի համար ձայներ են հավաքում:
«ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի քրեական գործը հարուցվել էր ձայնագրության հրապարակումից 6 օր անց՝ ապրիլի 19-ին: Նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ ՀՔԾ-ն չի տրամադրում՝ քննության գաղտնիությունը պատճառաբանելով:
Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը այսօր էլ ձեռնպահ մնաց գործի կարճման մասին մանրամասներ փոխանցել: Նա նաև անպատասխան թողեց հարցը, թե արդյոք գործը կարճվեց՝ այդպես էլ չհայտնաբերելով կասկածյալի կամ մեղադրյալի:
«Տրանսփարենսի ինթերնեյնեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ միայն կարող է ենթադրել, թե ՀՔԾ-ն ինչպես կպատճառաբանի գործի կարճումը․ - «Իրենք կարող են ասել, որ 200 հոգի կար այնտեղ, պետք է պարզեին ինչ-որ բան: Երևի չափում էին՝ ազդե՞լ է իրենց վրա այդ ելույթը, թե՞ ոչ: Երևի այս մի քանի ամիսը չափում էին ընտրողի վրա այդ ներգործությունը, ու երևի չեն գտել, որ ներգործել է»:
Արթուր Սաքունցը կարծում է, որ ՀՔԾ-ն «ՍԱՍ»-ի գործը կարճելուց հետո պետք է ինքնալուծարվի․ - «Նախ եթե Հատուկ քննչական ծառայությունը առնվազն այդ 100, 200, կամ թեկուզ 50 հոգու մասնակցությամբ տեղի ունեցած այդ հանդիպումը չի կարողանում բացահայտել, նշանակում է ՀՔԾ-ն պետք է ինքնալուծարվի՝ գոնե որպես իրենց պրոֆեսիոնալ համարող մասնագետների կառույց: Այսինքն դուք բանի պիտանի չեք, պարոնայք, երբ որ դուք չեք կարողանում ակնհայտ տեսաձայնագրությամբ արձանագրված փաստի հիման վրա քննություն իրականացնել և պատշաճ ապացույցներ ձեռք բերել»: