Հարություն Խաչատրյան․ Հիմա միայն «Ոսկե Ծիրանով» զբաղվելը մեծ էգոիզմ է

«Ազատության» հետ զրույցում կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պատմում է, թե ինչու որոշեց հրաժարվել իր հիմնադրած «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահի պաշտոնից, և առաջադրել իր թեկնածությունը Կինոգործիչների միության նախագահի՝ առաջիկայում կայանալիք ընտրություններում:

«Ընդհանրապես «Ոսկի Ծիրան» փառատոնը ստեղծվել էր նրա համար, որովհետև Հայաստանում կինոյի գործերը շատ վատ էր․ բոլորը մոռացել էին կինոյի մասին, չկար մթնոլորտ, չկային գործիչներ, չկային ուսանողներ, չկային ֆիլմեր, տարին մեկ ֆիլմ էլ չէր նկարվում: Եվ մենք Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ մտածեցինք, որ ամենալավ ճանապարհը կինոփառատոնի միջոցով՝ բերելով լավագույն ֆիլմերը աշխարհից, բերելով լավագույն կինեմատոգրաֆիստներին աշխարհից, ստեղծել մի մթնոլորտ, որտեղ մարդիկ կսկսեն հետաքրքրություն ունենալ դեպի կինոն և կգնան դեպի կինո: Եվ գնացին», - նշեց Խաչատրյանը:

Իր գոյության 14 տարիների ընթացքում «Ոսկե Ծիրանը», Խաչատրյանի խոսքով, որոշակի դերակատարություն է ունեցել հայ կինոյի զարգացման գործում․ - «1-2 ֆիլմը վերածվեց 25-30 ֆիլմի տարեկան, 1-2 ուսանողը դարձան 25-30 ուսանող: Լավագույն ֆիլմերը աշխարհից, որ բերեցինք, տեսան հարյուրավոր և՛ ուսանողներ, և՛ կինեմատոգրաֆիստներ, և՛ հանդիսատեսը պարզ: Մեր հանդիսատեսի թիվը 2 հազարից հասավ մինչև 45-50 հազարի: Այսինքն, այնքան լավ ոտքի է կանգնել արդեն «Ոսկե Ծիրանը», որ նրան հայրություն և մարյություն կարող են անել և՛ Միքայելը, և՛ Սուսաննան»:

Հարություն Խաչատրյանը, այս ամենով հանդերձ, քաջատեղյակ է մեր կինոյի բազմաթիվ հիմնախնդիրներին, և այդ պատճառով էլ վճռել է իր թեկնածությունն առաջադրել առաջիկայում կայանալիք Կինոգործիչների միության նախագահի ընտրություններում․ - «Շատերը դիմեցին ինձ, շատ խմբեր, որոնք այսօր անհանգիստ են կինոյով, որպեսզի ես իմ թեկնածությունը դնեմ կինոմիության նախագահի պաշտոնի համար: Ես կարծում եմ, կարող եմ անել դա: Հիմա միայն «Ոսկե Ծիրանով» զբաղվելը մեծ էգոիզմ է․ պետք է զբաղվել բոլոր փառատոներով, պետք է զբաղվել Կինոկենտրոնով, պետք է զբաղվել Կինոյի ինստիտուտով, պետք է բոլորին հավաքել մի տանիքի տակ և բոլորին մղել դեպի հայկական կինոյի զարգացումը»:

Կինոռեժիսոր Վահե Գևորգյանցը այսօր նույնպես հայտարարել է Կինոգործիչների միության նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին: Տարածած հայտարարությամբ Գևորգյանցը նշել է, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր և կայացած կինոգործիչներ են և արժանի են ղեկավարել իրենց միությունը: Նա նաև ցանկություն է հայտնել, որ նախընտրական արշավը ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Անդրադառնալով հայ կինոյի այսօրվա վիճակին, հիմնախնդիրներին՝ Հարություն Խաչատրյանն ասաց․ - «Հիմա հայկական կինոն այնքան էլ լավ վիճակում չէ, որովհետև հայկական կինոն չի զարգանում, չի տարածվում աշխարհով մեկ: Հայկական կինոյի տեսակը կորավ կարծես թե մեջտեղից․․․ Հայկական կինոն շատ վտանգավոր վիճակի մեջ է, որովհետև նոր օրենքներ են ուզում ընդունել, բայց շատերը չգիտեն կինոյի մասին: Այսօր ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել գլոբալ կինոյի համար, որովհետև կինոն մեր ազգի համար այնքան կարևոր զենք է, որ կորցնելը կլինի դժբախտություն: Չեն հասկանում շատերը․․․ կարծում են, որ կինո կարելի է և չունենալ, կինոյին կարելի և աջակցություն ցույց չտալ պետական: Այդ ամբողջը վտանգավոր է, որովհետև կինոն աշխարհի հետ խոսելու, դիալոգներ ունենալու կարևոր գործիքներից մեկն է»:

Հարություն Խաչատրյանը հույս հայտնեց, որ այն, ինչը ինքը չհասցրեց անել «Ոսկե Ծիրանում», կանի փառատոնի նոր ղեկավարությունը․ - «Կարծում եմ, տիկին Սուսաննան, որը ընտրվել է տնօրեն, և պարոն Ստամբոլցյանը և այն երիտասարդները, որոնք այսօր արդեն համալրել են մեր շարքերը, կբերեն լավագույն ֆիլմերը և կշարունակեն աշխատանքը շատ ավելի հաջող, քան մեր ժամանակ էր»: