Մատենադարում բացվել է Լազարյանների տոհմին նվիրված ցուցադրություն

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր բացված ուշագրավ փաստավավերագրական, արխիվային ցուցադրությունը առաջինն է, որ մեր հանրությանը կներկայացնի հայտնի Լազարյան տոհմի 200 տարիների գործունեության պատկերը ամենատարբեր ոլորտներում:

«Այսօր բացումն ենք կատարում Լազարյան փառապանծ տոհմին և Լազարյան ճեմարանին նվիրված մի ցուցադրությամբ: Սա Մատենադարանում արդեն չորրորդ ցուցադրությունն է, որ այս տարի կազմակերպվում է: Լազարյանների մասին մեզանից յուրաքանչյուրը ունի իր պատկերացումները, բայց այս տոհմը այնքան լայն գործունեություն է ծավալել իր ժամանակին, որ մինչև այսօր էլ ամբողջապես ուսումնասիրված չէ և լայն հասարակայնության ինչպես հարկն է չի ներկայացված», - ասաց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Եվ ահա հենց այս բացը լրացնելու համար էլ Մատենադարանում այսօր բացված ցուցադրությունը ներկայացնում է հազվագյուտ վավերագրեր, բացառիկ լուսանկարներ, եզակի փատաթղթեր, որոնք, ինչպես նշում է Վահան Տեր -Ղևոնդյանը, «լույս են սփռում Լազարյան տոհմի գործունեության, բայց, առաջին հերթին, այդ փառապանծ կրթօջախի, որ կոչվել է սկզբում Լազարյան ճեմարան, հետո՝ Արևելյան լեզուների ինստիտուտ»․ - «Սա իսկապես մի կրթօջախ է եղել, որտեղ հայ և ռուս և այլ ազգերի լավագույն մտավորականներն են պատրաստվել»:

Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանն ասաց, որ սա նմանատիպ առաջին ցղուցադրությունն է․ - «Չափազանց ինֆորմատիվ է և խտացած է տեղեկության իմաստով: Այս ցուցադրությունը առանձնանում է նաև իր ձևավորման մակարդակով, մշակույթով: Նաև այդ իմաստով է բացառիկ ցուցադրությունը: Շուտով մեր այցելուները կարող են 3D ձևաչափում տեսնել Լազարյան ճեմարանի այսպես ասած կառուցվածքային փոփոխությունները: Կարծում եմ, որ այս ցուցադրությունը կմնա մինչև տարեվերջ: Այնպես որ բոլորին սիրով հրավիրում եմ ծանոթանալու հրովարտակներին, պատվոգրերին, որ Լազարյանները ստացել են բարձրաստիճան այրերից: Առհասարակ սա չափազանց հետաքրքիր կարող է լինել հատկապես Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկներին, որովհետև Լազարյան ճեմարանով են անցել այնպիսի անուններ, ինչպիսիք են Լև Տոլստոյը, Կոնստանտին Ստանիսլավսկին, բազմաթիվ այլ նշանավոր ռուս գրողներ, մտածողներ, մեծ պատմագիտության, բանասիրության երևելիները»:

Թատերագետ, Մատենադարանի գիտաշխատող Բախտիար Հովակիմյանը ոչ միայն մեծ չափով նպաստել է ցուցադրության կազմակերպմանը, այլև տարիներ շարունակ հանգամանորեն ուսումնասիրել է Լազարյան տոհմի գործունեությունը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց․ - «Լազարյանների տոհմը բացառիկ տոհմ է ոչ միայն հայ ժողովրդի կյանքում, այլև մյուս ժողովուրդների: Սրանք մի տոհմ են, որոնց բարեգործությունները երկու հարյուր տարի արդեն օգուտ է տալիս ժողովրդին՝ և՛ հայերին, և՛ օտարերկրացիներին, և՛ ռուսներին, որովհետև նրանց ընդգրկումը շատ լայն է եղել՝ Ֆրանսիայից մինչև Միջին Ասիա: Ունեցել են մեծ բարեգործական գործունեություն՝ հիվանդանոց են կառուցել, դպրոց են կառուցել: Բոլոր գործերով բարիքներ են արել ժողովրդի համար»:

Հարցին, թե արդյոք այսօր ապրում են Լազարյան տոհմի ժառանգները, Հովակինյանը պատասխանեց․ - «Դժբախտաբար, չէ: Նրանց արական տոհմի վերջին սերդնի ներկայացուցիչը մահացել է 1871 թվականին»: