Ընդդիմության միավորումը 2018-ին ընդառաջ առայժմ չի հաջողվում

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» ստուդիայում:

Միավորման նպատակով բանակցություններ էր սկսել միայն խորհրդարան չանցած «Ժառանգություն» կուսակցությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպել են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե կհաջողվի արդյոք ի վերջո ընդդիմությանը միավորվել, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ անկեղծ պետք է պատասխանի․ - «Մի փոքր թերահավատ եմ, որովհետև այն, ինչ որ տեսնում եմ և՛ հասարակական ակտիվության պահով, և՛ իրական ընդդիմադիրների, և՛ չակերտավոր ընդդիմադիրների պահվածքով, հույս չի ներշնչում»:

2018 թվականին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, որի ավարտից հետո երկիրը կանցի լիարժեք խորհրարանական կառավարման և նոր սահմանադրությամբ երկիրը փաստացի կղեկավարի վարչապետը։

Ընդդիմադիրները մտահոգություն ունեն, որ Սերժ Սարգսյանը կրկին կստանձի երկրի ղեկը՝ արդեն վարչապետի պաշտոնում, և դրա դեմ պայքարելու համար փորձում էին միասնական ճակատ ձևավորել։

Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ վերջնական նպատակը երկրում իշխանափոխություն իրականացնելն ու բարեփոխումներ անելն էր, բայց հույս չունի, որ մինչ 2018 թվականը խոշոր պայքար կլինի: Նա չի կարծում, որ նման պայքար հնարավոր է նաև 2018-ից հետո։

Ընդդիմադիր գործիչը չասեց, թե մասնավորապես որ ուժերի հետ են բանակցել, սակայն նշեց, որ խորհրդարանական ընդդիմության հետ հարցը չեն քննարկել․ - «Ցավոք սրտի, ես մեր խորհրդարանում քաղաքական գործունեություն այլևս չեմ տեսնում: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ հետո հնարավոր է դա փոխվի, բայց այս պահին դեռևս չկա»:

Ազգայի ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ կպայքարեն, քանի որ վարչապետի անձը էական չեն համարում: Ամեն դեպքում՝ միավորման շուրջ բանակցությունների պատրաստ են․ - «Կքննարկենք, երբ որ դա լինի կոնկրետ: Որովհետև, եթե Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, այլ, ասենք, Արմեն Աշոտյանը դառնա վարչապետ, այդ մարդիկ նորմալ կվերաբերվե՞ն արդյոք»:

Գորգիսյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը կցանկանա դառնալ վարչապետ, իսկ երկրում փոփոխությունների հասնելու համար, «Ելք» խմբակցության քարտուղարի խոսքով, երկրում գլոբալ իշխանափոխություն է պետք։ Այդ հնարավորությունը, ըստ նրա, ժողովուրդը ուներ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ․ - «Այս անգամ դա չստացվեց: Միգուցե հինգ տարի հետո, երբ արդեն է՛լ ավելի բոլոր սպասումները Հանրապետական կուսակցությունից մարդկանց մոտ կվերանան, և նաև մենք մեր առաջիկա աշխատանքով ցույց կտանք, թե ինչի ենք ունակ և ինչպես ենք պատկերացնում Հայաստանի ապագան, մեզ կհաջողվի: Վստահ եմ, մեզ կհաջողվի առաջիկա ընտրություններին շատ ավելի լուրջ արդյունքներ գրավել՝ մեր աշխատանքի շնորհիվ: Չի բացառվում նաև իշխանափոխությունը»:

«Ժառանգության» փոխնախագահը, մինչդեռ, համաձայն չէ․ նա վստահ է, որ եթե մինչև 2018-ը չպայքարեն, ապա հետո իշխանափոխության հնարավոր կլինի միայն արտաքին գործոնների հաշվին, ինչին ինքը դեմ է։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպես կարձագանքի նրան, որ «Ելք» դաշինի համար վարչապետի անձը կարևոր չէ և Սերժ Սարգսյանի այդ պաշտոնում լինել-չլինելը նշանակություն չունի, Մարտիրոսյանը ժպտաց, ապա նշեց․ - «Եթե ով էլ լինի, մեկ է, մեկի համար մենք չենք համագործակցում: Մենք համագործակցում ենք կոնկրետ խնդրի համար: երբ որ իրենց նույնիսկ չգիտեն, թե իրենք ինչ են ուզում, մեկ է իրենց համար, մենք «մեկի» հետ կապված գործառույթի երբեք չենք մասնակցի: Մենք հակառակը, մասնակցել ենք, երբ եղել է հստակություն, եղել է կոնկրետություն»:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության հետ զրույցում ասաց, որ իրենց հետ միավորման թեմայով ոչ ոք չի բանակցել։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք պատրաստ են նաև այլ միավորումների աջակցել, կարևորը, ըստ նրա, նպատակն է։