Երևանը չի հստակեցնում Սիրիայում ՌԴ նախաձեռնած կոալիցիային մասնակցելու հարցը

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությունից 10 օր անց պաշտոնական Երևանը չի հստակեցնում՝ հայաստանյան ստորաբաժանումները մասնակցելու՞ են Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային:

Ռուսաստանյան պետական Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ երկրի ԶՈւ գլխավոր շտաբի անօդաչու սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը օգոստոսի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստ են իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումը:

«Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին համապատասխան հրավերներ էին ուղարկվել: Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է», - Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ ասել էր Նովիկովը:

«Ազատությունը» հարցումներ էր ուղարկել Հայաստանի նախագահի աշխատակազմ և պաշտպանության նախարարություն, խնդրելով մեկնաբանել վերոհիշյալ հայտարարությունը: Պաշտպանության նախարարությունից ժամանակ խնդրեցին պատասխանելու համար, նշելով, թե «լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա»: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը «Ազատության» բազմաթիվ հարցերին ի պատասխան (այդ թվում հետևյալ հարցին՝ եթե ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Սիրիայում չեն, ե՞րբ են մեկնելու այնտեղ) միայն արձագանքել էր․ «Երբ ձեզ հետաքրքրող հարցերի առնչությամբ որոշում կայացվի, և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:

«Ազատության» հստակեցնող հարցերին՝ արդյո՞ք Հայաստանը չի համաձայնել՝ մասնակցել ՌԴ նախաձեռնությամբ ստեղծվող կոալիցիային, և արդյո՞ք այդ հարցը պաշտոնական Երևանը քննարկել է Մոսկվայի հետ, առհասարակ՝ ո՞րն է հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, Վլադիմիր Հակոբյանն այսօր արձագանքեց՝ «նախորդ պատասխանին ավելացնելու ոչինչ չունեմ»:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, Հայաստանի շահերից է բխում Արևմուտք-Ռուսաստան ընդհարումներից զերծ մնալը, իսկ հայաստանյան զորամիավորումների հայտնվելը Մոսկվայի նախաձեռնած այդ կոալիցիայում՝ ճիշտ հակառակ իրավիճակին կհանգեցնի: «Այնտեղ պատերազմական գործողություններ են, այդ տարածաշրջանում ճգնաժամը խորանում է հենց Ռուսաստան-Արևմուտք բախումների շրջանակում, և ինչքան Հայաստանը քիչ ներգրավված լինի նման գործողություններում, այնքան դա կբխի երկրի շահերից»,- ասաց Գրիգորյանը:

Նա չբացառեց, որ Սիրիայում հայաստանյան զորամիավորումների հայտնվելը կարող է երկիրը թիրախ դարձնել իսլամիստ ծայրահեղականների համար՝ այդպիսով Հայաստանի համար «հավելյալ խնդիրներ ստեղծելով»: