Արա Զոհրաբյան․ Հանրային պաշտպանների գործելաոճը չի հակասում օրենքին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով, հանրային պաշտպանների գործելաոճը չի հակասում օրենքին, և նրանք դատարանի դահլիճում անելու են ամեն ինչ՝ պաշտպանելու իրենց վստահորդների շահերը:

Զոհրաբյանը, հիշեցենք, քննադատել էր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, երբ վերջինս Ժիրայր Սեֆիլյանի գործով ներգրավված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի տան առջև պիկետ էր արել՝ պահանջով Սեֆիլյանի կամքին հակառակ չստանձնել նրա պաշտպանությունը։

Զոհրաբյանն այսօր էլ վերահստատեց իր կարծիքը՝ նշելով, որ չի կարելի փաստաբանին իր մասնագիտական գործունեության համար ճնշումների ենթարկել․ - «Այսինքն մենք ասում ենք՝ մի խառնվեք փաստաբանի մասնագիտական գործունեությանը»։

Զոհրաբյանը նաև ընդունում է, որ Քրեական դատավարության օրենսգրքում կան իրար հակասող դրույթներ, որոնք խնդիր են առաջացնում պաշտպանության հարցում, և գտնում է, որ դրա լուծումը կարող է տալ Սահմանադրական դատարանը։

Անդրադառնալով փաստաբանների՝ դատարան մուտք գործելու խոչընդոտներին, պալատի նախագահը պնդեց, թե կարգադրիչները փաստաբաններին ոչ թե խուզարկում են, այլ զննում․ - «Ես կարծում եմ, դա իրավաչափ է: Որովհետև ի վերջո ծանր քրեական գործ է, մարդիկ են, ովքեր զենքի օգնությամբ ինչ-որ օբյեկտ են գրավել, մարդիկ են, ում ընկերը հայտարարել է՝ շրջապատե՛ք դատարանը, ազատե՛ք «Սասնա ծռերին»: Այսինքն, տվյալ դեպքում վտանգը ռեալ է: Հիմա պատկերացրեք, եթե չզննեն, և մեկը մի նռնակ անցկացնի և տա այդ մարդկանց, և այդ մեկը փորձի նռնակը օգտագործել»:

Դատական դեպարտամենտի հետ նույն ոճով աշխատելու որոշ փաստաբանների մեղադրանքը Զոհրաբյանը չի ընդունում՝ պնդելով, թե իր ընդդիմախոսները կեղծ մեղադրանքներ են առաջ քաշում․ - «Ինձ համար ամենակարևորը փաստաբանների հարցեր լուծելն է, ինչը ես փորձում եմ իրականացնել որքանով կարողանում եմ: Խնդիրը հետևյալի մեջ է թաքնված․ եթե իրենք ուզում են հարցի լուծում, ինչո՞ւ չեն գալիս Փաստաբանների պալատ․․․ մի հատ «խորամանկության» անեն, ասեն՝ հարգելի Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, եկեք մի հատ հանդիպենք, էս հարցին լուծում տանք»:

Հարցին, թե չի ցանկանում արդյոք միանալ կամ աջակցել այն 170 փաստաբաններին, որոնք պատրաստվում են սեպտեմբերի 13-ին գործադուլ անել՝ ընդդեմ արդարադատության ներկայացուցիչների ապօրինի գործողությունների, Զոհրաբյանն արձագանքեց, թե նրանց միանալու մտադրություն չունի։ Հավելեց, որ արդեն հասցրել է նկատել, որ հայտարարության տակ ստորագրել են նաև իր համախոհներից ոմանք։

«Պատկերացրեք, որ պալատը միանում է այս գործադուլին: Առնվազն պետք է մենք փաստաբաններին համոզենք, որ այս ծայրահեղ միջոցին գնալը․․․ Ի՞նչ է գործադուլը: Դա փաստորեն հրաժարում է իրենց վստահորդների շահերը պաշտպանել դատարաններում կամ որևիցե մի այլ տեղ, ինչպես բժիշկը հրաժարվում է վիրահատություն կատարելուց: Այսինքն այդ ծայրահեղ քայլին գնալուց առաջ պետք է գոնե ասենք, որ այս դռները թակել ենք, չեմ բացել, մենք այս քայլերը ձեռնարկել ենք, հաջողության չենք հասել: Օրինակ, եթե գտնում են, որ դա խուզարկություն է, առնվազն պետք է իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնեինք, որ սա այստեղ լիազորությունների սահմանազանցում», - նշեց նա:

Զոհրաբյանի արձագանքը փաստաբանների գործադուլի մասին չի զարմացնում Մուշեղ Շուշանյանին։ «Ազատության» հետ զրույցում փաստաբանն ասաց, թե վերադաս ատյաններին դիմելու, բոլոր հնարավորությունները փորձելու ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Շուշանյանը վստահեցրեց, որ պալատի նախագահը քաջատեղյակ է խնդրից, բայց փաստաբանների խախտված իրավունքները պաշտպանել չի շտապում․ - «Պարոն Զոհրաբյանը սպասարկում է պետական մարմինների շահերը, նա դիրքորոշում է արտահայտում, որը արտահայտում էին նույն պետական մարմինները: Նա պնդում էր, որ դա իրականում զննություն է, ոչ թե խուզարկություն: Մենք տեսնում ենք, որ պարոն Զոհրաբյանը ոչ թե որպես Փաստաբանների պալատի նախագահ է հանդես գալիս, այլ նա ավելի շուտ հանդես է գալիս որպես ինչ-որ պետական կառույցի ղեկավար»:

Սեպտեմբերի 9-ին Փաստաբաների պալատում նախագահի ընտրություններ են սպասվում։ Միակ առաջադրված թեկնածուն Արա Զոհրաբյանն է։ Պալատի նախագահն այսօր ասաց՝ լավ կլիներ որ իր ընդդիմախոսները հանդես գային մեկ միասնական թեկնածուով ու, իրենց խոսքերի համաձայն, փրկեին պալատը կործանումից։ Ինչ վերաբերում է նրանց բնորոշումների, որ պալատը վաղուց մահացել է, ապա Զոհրաբյանն արձագանքեց․ - «Այս պայմաններում, կարծում եմ, այդ նույն խոսքեր արտահայտողները ուղղակի գործում են խակ խաղողի տեսությամբ: Այսինքն, աղվեսը, երբ որ դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»:

Մինչդեռ Մուշեղ Շուշանյանի համոզմամբ պալատի նախագահի ընտրությանը մասնակցելն ուղղակի անիմաստ է։ Փաստաբանը պարզաբանում է՝ ընտրությունը լինելու է ձևական, քանի որ փաստաբանական համայնքի մի զգալի հատվածը զրկված է ազատ քվեարկելու հնարավորությունից․ - «Փաստ է, որ պարոն Զոհրաբյանը տարիների ընթացքում օգտագործել է իր տնօրինության տակ գտնվող ադմինիստրատիվ ռեսուրսը և փաստաբանների մի զգալի մասին զրկել է ազատ ընտրություն կատարելու հնարավորությունից: Այնպես որ, ես չեմ համարում, որ սա ընտրություն է: Դա ընդամենը քվեարկություն է՝ կանխորոշված ելքով»: