Թուրքիայում ազատ է արձակվել օգոստոսի 31-ին Անթալիայի օդանավակայանում ձերբակալված Գերմանիայի երկու քաղաքացիներից մեկը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ազգությամբ թուրք ամուսինները ձերբակալվել էին գյուլենական կառույցի դեմ տարվող հետաքննության շրջանակներում։
Նրանցից մեկը՝ կինը հարցաքննությունից հետո նախօրեին ազատ է արձակվել, իսկ նրա ամուսինը շարունակում է մնալ ոստիկանական բաժանմունքում։ Գերմանիայի ԱԳ նախարարությունը օրերս հաստատել էր, որ ձերբակալված անձինք միայն Գերմանիայի քաղաքացիություն ունեն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք գերմանական իշխանություններն աշխատում են թուրքական բանտերում Գերմանիայի 12 քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ, նշել էր, թե այդ խնդրի լուծման համար ջանքեր են գործադրում: