Կարելի է մտածել, որ Ռուսաստանի ազդեցության տակ է Հայաստանը հրաժարվել մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին. քաղաքագետ

Կարելի է մտածել, որ Ռուսաստանի ազդեցության տակ է Հայաստանը հրաժարվել մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե Ռուսաստանը վերջին պահին ճնշո՞ւմ է գործադրել, Գրիգորյանը պատասխանեց. - «Ավելի շատ հուշում է նախկին փորձը, որ նման բաներ հնարավոր են։ Նախ՝ ԵԱՏՄ-ի որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է մեկ գիշերում, որը հիմա իրենք հերքում են, բայց Սերժ Սարգսյանը դրա մասին ասել էր նաև Չեխիայում՝ 2014 թվականի «Առավոտի» հոդվածը, որը չի մերժվել Բաղրամյան 26-ի կողմից. Չեխիայում հանդիպում է եղել սփյուռքահայերի հետ, որտեղ իրեն հարցրել են, թե «ինչո՞ւ ամբողջ հայությանը չի հարցրել, կամ ռեֆերենդում չի անցկացրել, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը «մեկ գիշերում չէր կարող բոլորի կարծիքը հարցնել»։ Դա՝ մեկ, հաջորդը՝ մենք նման էլի փորձ ենք ունեցել, 2014-ին ՄԱԿ-ում Ուկրաինայի բանաձևի քվեարկության հետ կապված. մարտի 27-ի ցերեկը ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն, գիշերը քվեարկեցին դեմ։ Այսինքն՝ այսպիսի փորձեր մենք նախկինում ունեցել ենք՝ երբ որ վերջին պահին Ռուսաստանը ճնշում է գործադրում և Հայաստանը հրաժարվում է։ Սա նաև ոչ միայն Ռուսաստանի ավելի շատ ճնշումն է, այլ Հայաստանի ոչ-հաշվարկված արտաքին քաղաքականությունը, երբ որ Հայաստանի իշխանությունն ի դեմս Սերժ Սարգսյանի չի կարողանում հաշվարկել, թե մեկ-երկու քայլ հետո ինչ է լինելու»։

Քաղաքագետի խոսքով՝ նման քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին իմիջի վրա։

«Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի համար Հայաստանը դառնում է պրովինցիա, որին ինչ հրաման ուզեն, կարող են տալ, և ցանկացած որոշում Մոսկվայի կողմից կարող է իրականություն դառնալ, սա ամենավատ բաներից մեկն է, որն ազդում է Հայաստանի և՛ իմիջի, և՛ ամեն ինչ վրա», - ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

«Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ», - ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան:

Սակայն երեկ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հակադարձեց՝ ասելով, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին։