Роскомнадзор-ը հայաստանյան ՀԿ-ից պահանջում է կայքից հանել «Ռոբսոնի» ձերբակալության մասին հոդվածը

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյան («Ռոբսոն»)

Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը վերահսկող ծառայությունը՝ Роскомнадзор-ը, օրերս դիմել է հայաստանյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ պահանջելով կազմակերպության կայքից հեռացնել ռուսաստանահայ գործարար, վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի՝ Չեխիայում ձերբակալվելու մասին հոդվածը:

Հայաստանում գործող կազմակերպության փոխանցմամբ, ռուսաստանյան պետական մարմինն իր պահանջը հիմնավորել է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով՝ պնդելով, որ armrus.info կայքում հրապարակված հոդվածը խախտում է «Ռոբսոն» մականվամբ հայտնի Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիությունը:

«Ռուսաստանի Դաշնության օրենքները Հայաստանում չեն գործում», - «Ազատության» հետ զրույցում այսօր ընդգծեց «Իրազեկ քաղաքացիաների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Նա նաև վստահ է, որ իրենք որևէ անձնական տվյալ չեն հրապարակել․ - «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը այդ հրապարակումը չի հակասում, լրագրողական էթիկայի կանոններին չի հակասում, մեր ունեցած ներքին էթիկայի կանոններին ևս չի հակասում, և մենք որոշեցինք, որ դա չենք հեռացնելու: Որովհետև ինքնին Ռուսաստանի Դաշնության պետական մարմնի պահանջը չի կարող մեր համար հիմք հանդիսանալ այդ նյութը հեռացնելու համար: Որովհետև այդ մարմինը գործում է Ռուսաստանի Դաշնությունում և իրենց որոշումները պարտադիր բնույթ չեն կրում մեր համար»:

Իոաննիսյանը նշեց, որ իրենք կհեռացնեին հոդվածը, եթե Թաթուլյանը դիմեր Հայաստանի Արդարադատության նախարարությանը կից գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, և այդտեղ որոշեին, որ եղել է անձնական տվյալների հրապարակում: Այնինչ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավարի, Հայաստանի օրենսդրության որևէ դրույթ իրենք չեն խախտել:

Հայաստանի Արդարադատության նախարարությունից այսօր խնդիրը չմեկնաբանեցին՝ փոխանցելով, որ դրան կանդրադառնան միայն համակողմանի ուսումնասիրությունից հետո:

Armrus.info կայքում չորս ամիս առաջ հրապարակված հոդվածը պատմում է, որ «քրեական հեղինակություն հանդիսացող» Ռոբսոնը և քրեական աշխարհի 3 այլ ներկայացուցիչներ ձերբակալվել են Չեխիայում «օրենքով գողերի թագադրման» ժամանակ: Հոդվածի համաձայն, միջոցառումը ֆինանսավորել է հենց Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով:

Ըստ օրենսդրության, Հայաստանի դիվանագիտական անձնագիր տրվում է նախագահի թույլտվությամբ: Այդուհանդերձ, ամիսներ առաջ «Ազատության» հարցմանն ի պատասխան նախագահականից այդպես էլ չէին հստակեցրել, թե ինչու է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ում դիվանագիտական գործունեության մասին տեղեկություններ չկան, ստացել հայաստանյան դիվանագիտական անձնագիր: Իսկ արտգործնախարարությունից ընդամենը հայտնել էին, թե Թաթուլյանը դիվանագիտական անձնագիրը ստացել է «օրենքով սահմանված կարգով»:

Դանիել Իոաննիսյանի կարծիքով, հայաստանցի դիվանագետ համարվող անձի կողմից այլ երկրի պետական մարմնի միջոցով հայաստանյան լրատվամիջոցից տեղեկություն հեռացնելու պահանջը ըստ էության ճնշում է․ - «Այս անձը իր գործունեությամբ կարելի ասել՝ «խայտառակում է ռեսպուբլիկան», որովհետև, երբ իրեն Չեխիայի ոստիկանությունը ձերբակալում է քրեական գործունեության մեջ կասկածանքով, ինքը ներկայացնում է Հայաստանի դիվանագիտական անձնագիր, որի օգնությամբ ազատվում է չեխ իրավապահներից: Ինքը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության պետհամարանիշներով Ռուսաստանում՝ Սոչիում, ճանապարհային երթևեկության կանոններն է շատ կոպիտ ոտնահարում և կրկին դուրս մնում որևէ պատասխանատվությունից: Եվ փաստորեն մենք՝ հայաստանցիներս, կամ Հայաստանի Հանրապետությունն է քաղաքական պատասխանատվություն կրում դրա համար»:

Ռուսաստանյալ լրատվամիջոցների պնդմամբ՝ Ռուբեն Թաթուլյանը Ռուսաստանի հարավում բիզնեսն ու իրավապահ համակարգը վերահսկող հեղինակություններից է: Սոչիաբնակ գործարարը վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած Հայաստանի ներդրողների ակումբի անդամ 30 գործարարներից է, ովքեր տարեսկզբին հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»: