Վաշինգտոնը քննարկում է նախօրեին ջրածնային ռումբ փորձարկած Հյուսիսային Կորեային ամբողջական միջազգային մեկուսացման ենթարկելու հնարավորությունը:
Ամերիկան, ըստ նախագահ Դոնալդ Թրամփի, կարող է դադարեցնել առևտուրը բոլոր երկրների հետ, որոնք առևտրային կապեր ունեն և համագործակցում են Կիմ Չեն Ունի ռեժիմի հետ:
Նախագահի հետ զրույցի ընթացքում լրագրողները հարցրել են, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները ռազմական գործողություն կիրականացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ, Թրամփը պատասխանել է. - «Կտեսնենք»։
Kyodo News ճապոնական լրատվական գործակալության փոխանցմամբ, Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հեռախոսով քննարկել են Փհենյանի ագրեսիվ գործողությունները և համաձայնել, որ միջազգային համայնքը պետք է սաստկացնի Հյուսիսային Կորեայի վրա բանեցրած ճնշումը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ «Եվրամիությունը պատրաստ է առավել խստացնել պատժամիջոցների ռեժիմը Փհենյանի նկատմամբ»:
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Չինաստան մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, «խիստ մտահոգված է Կորեական թերակղզուց ստացվող տեղեկատվությամբ»:
Պեսկովը միաժամանակ նշել է, որ «Պուտինը մտադիր չէ հարցը հեռախոսով քննարկել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ»:
Պուտինը Փհենյանի միջուկային փորձարկան հարցի շուրջ խոսել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Բացի այդ, Պուտինը հեռախոսով հարցը քննարկել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ: Պեսկովի փոխանցմամբ, «Պուտինը և Աբեն դատապարտել են ռումբի փորձարկումը»:
Ճապոնիայում Միացյալ Նահանգների դեսպան Ուիլյամ Հագերթին հանդիպել է արտգործնախարար Տարո Կոնոյի հետ: Զրույցից հետո նա լրագրողներին ասել է, որ Հյուսիսային Կորեայի որևէ գործողություն չի թուլացնի Ճապոնիան և տարածաշրջանը պաշտպանելու՝ Միացյալ Նահանգների վճռականությունը:
Դեսպանը նաև ասել է, որ «ՄԱԿ-ը պետք է հզոր դեր կատարի աշխարհում խաղաղություն ապահովելու համար»։